Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/205

Այս էջը հաստատված է

նշանակությունը, թե՝ մեկի չրաղը էն մարդն է, որին նա նվաստ վիճակից առաջ է քաշում, պահպանում ու մարդ շինում։ Սայաթ֊Նովեն էլ իր յարին ասում է՝ հաշվի՛ր, թե դու ես ինձ մարդ շինել, թե՝ ոչնչությունից քո ստեղծած մարդն եմ ես ու «թող դըրանըդ նընդած ըլիմ»…

էս տեսակ սխալների մեջ կարող են ընկնել տեղ-տեղ նաև մեր բանաստեղծների մյուս երգերը թարգմանելիս, եթե թարգմանեն էնպես, ինչպես տպագրված ու մեկնաբանած են թե Քուչակը, թե Սայաթ֊Նովեն, թեպետ և երկու գիրքն էլ շատ բարեխիղճ ու հմուտ մարդկանց ձեռքով են անցել։

Օրինակ.

Քուչակի մեջ 66 երեսում ասված է.

«Ով իմ եարիս պագ առնու, նա պակսի՛ աղջկանցն ի լուսոյն»։

Ես կարծում եմ, պետք է լինի.

«…աչացն ի լուսոյն»։

68 երեսում ասում է.

Երթամ չի կենամ ի հոս, ուր երթամ հոն ալ չի կենամ.

Երթամ քանց Հռոմն ի վար վտարիմ, այլ իսկի չի գամ.

Թէ գան ու զիմ տեղն ասեն, նա հեռու եմ, այլ հեռանամ։

Թէ գան ու զիմ տեղն ասեն, նա զընճիլն եմ, կտրեմ ու գամ»։

Ես կարծում եմ պետք է լինի.

«Թե գան ու քո տեղն ասեն, նա զնճիլն իմ, կտրեմ ու գամ».

Սայաթ֊Նովայի 59 երեսում ասված է.

Իմ հուքմի հէքիմըն դուն իս, ես էլ ուրիշ Շահ չի՛մ ասի։

Շահը դրված է թագավորի իմաստով, էնպես էլ հասկանում են։ Պետք է լինի փոքրատառով շահ, որ կնշանակի օգուտ, օգնություն, դեղ, ճար։

64 երեսում ասում է.

Չիմանա քալագըն, չիմանա ղալըն: