Քալագըն ու ղալըն նշանակված են իբրև մութը բառեր, մինչդեռ քալագն Թիֆլիսի քաղաքն է նշանակում, ղալնբերդը։
74 երեսոմ խար, բացատրած է փուշ։ Խար, որ շատ հաճախ գործ է ածվում Սայաթ֊Նովայի երգերի մեջ, էն բողոճն է, որ ուտում ու փչացնում է վարդը։
81 երեսում ասում է.
«էրած, խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ունենամ»։
Եվ մար նշանակած է իբրև մութն ու անհայտ բառ, մինչդեռ հասարակ գրչի սխալ է, և պետք է լինի։
«...մե տիղ չրկա մարդ ունենամ»…
108 երեսում ասում է.
«Թէ վուր քաղաք տիղ հանդիրիս՝ կու քանդիս,— վար չիս անի»:
Պետք է լինի վառ չիս անի, այսինքն չես շենացնիլ, չես պայծառացնիլ։ Իր սիրուհու անգթությունն է ակնարկում։
Սայաթ֊Նովայի հայերեն երգերը գրած են վրացական տառերով, իսկ վրացական տառերի մեջ ռ տառը չկա, և ամեն տեղ ռ֊ի տեղ գործ է ածած ր: Հանգ. Ախվերդյանը որտեղ ր֊ռ է կարծել, փոխել է գրել ռ, որտեղ չէ՝ թողել է ր։ Եվ հենց դրանից է առաջացել վերևը բերած վար չիս անի սխալը, որի դեմը գրել է՝ շինել և տարակուսանքով հարցական է գրել։ Իսկ մի ուրիշ տեղ, 142 երեսում գրել է.
- «Սայեաթ ֊ Նօվու բաղըն դուն իս,—
- Կարօտ իմ, բառ իմ ասում»։
Բարը շինել է բառ, մինչդեռ հենց էստեղ պետք է մնար բար, որ պտուղ, բերք կնշանակի։ Իր բաղից պտուղ է ուզում։
Կարծում եմ նույնպես սխալ է բացատրած հետևյալ տողը և վտանգավոր է թարգմանության համար։
«Սայաթ — Նօվեն ասաց՝ դարդըս քանց մե ճարն շատացիլ է...»։
Բացատրած է վրաց այբուբենի ճար֊ճ տառով, որ կնշանակի հինգ հազար․ իբր թե՝ դարդս քանց հինգ հազարն՝ շատացել է։ Մինչդեռ ճարը՝ դեղ կնշանակի, և ասում է՝