դարդս էնքան շատացել է, որ էլ ոչ մի դեղ չկա, շատացել է՝ ամեն մի ճարից վեր։
Իհարկե, սրանք իմ կարծիքն ու բացատրությունն են և կարող են նույնպես սխալ դուրս գալ, սակայն եթե ոչ բոլորը, գոնե էս կամ <էն> նկատողությունը կարող են ճշմարիտ լինել և դարձյալ ես հասած կլինեմ իմ առաջադրած նպատակին, որ է՝ թե՛ Քուչակ Նահապետի, թե՛ Սայաթ֊Նովայի և թե՛ նրանց նմանների գործերի բառացի թարգմանությունը ռուս բանաստեղծներին տալիս, տալ շատ զգուշավոր ու ստուգված, քանի որ հարգելի թարգմանիչները իսկի ժամանակակից հայերեն լեզուն չգիտեն, ուր մնաց նրա միջնադարյան բարբառները և կամ գրաբարը։ Եվ մանավանդ, որ էսքան մեծ արժեք ու նշանակություն ունին էդ երկերը թե մեզ համար, թե՛ օտարների աչքում, և գործի գլուխ էլ կանգնած է հայտնի գործիչներից ընտրված մի հասարակական մարմին՝ Մոսկվայի Հայկական կոմիտեն։
Ռուսաց բանաստեղծներից, եթե չեմ սխալվում, առաջինը Պոլոնսկին է եղել, որ ուշք է դարձրել Սայաթ֊Նովայի վրա ու հիացել։ Պոլոնսկին հանգ. Ախվերդյանի մոտիկ բարեկամը, թերևս ընկերն է եղած։ Նրա մոտ է տեսել Սայաթ–Նովայի երգերի տետրակը, և, ծանոթանալով, 1851 թվականին «Кавказ» թերթի №№ 1—2-ում մի ոգևորված հոդված է գրել, բնորոշել, գնահատել ու երգերից էլ մի քանիսը թարգմանել:
Նրանից հետո էլ են մի քանի անգամ ռուսերեն թարգմանել, բայց առաջին անգամն է, որ պ. Բրյուսովը թարգմանում է վարպետի ձեռքով՝ աշխատելով հաղթել գրեթե անհաղթելի արգելքների և, ինչպես Սայաթ֊Նովայի, էնպես էլ Նահապետ Քուչակի երգերը տալ ռուսերեն, խորապես ճանաչելով նրանց մեծությունը և ինքնուրույն շունչն ու երանգը, և նրանց գործերը անվանելով հայ ժողովրդի ազնվականության վկայական։
Այո՛, ճշմարիտ է, գեղեցիկ գրականությունը, իբրև հոգու պարզ ու կատարյալ արտահայտություն, ժողովուրդների