Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/208

Այս էջը հաստատված է

անխարդախ վկայականն է, և ինչքան բարձր է գրականությունը, էնքան բարձր վկայական է մի ժողովրդի կուլտուրականության, բայց միաժամանակ նաև բարձր հոգեկան կապ է ժողովուրդների մեջ։

Մենք ունեցել ենք էդ բարձր վկայականը, բայց էդ վկայականը մնացել է մեր գրպանում, կարդացող չի եղել, դրա համար էլ չունենք էն մեծ փոխադարձ շաղկապը ուրիշ ժողովուրդների հետ։ Մենք ենք միայն օտարների հանճարները ճանաչել, սիրել ու սրտով կապվել նրանց հետ, իսկ մեր ցեղի հանճարը ոչ ոք չի ճանաչել, դրա համար էլ մեզ ոչ ոք չի գնահատել, չի սիրել ու հոգեպես չի կապվել մեզ հետ։

Խոսքիս ամենապերճախոս ապացույցը հենց ռուս ամսագրի էս համարն է, որի մեջ ռուս բանաստեղծը հրճվանքով է նկատում, որ մեր երգիչներն էլ են սավառնում էն «եթերային բարձունքներում», ուր Հաֆիզն է սավառնում։ Իսկ «եթերային բարձունքը» էն երջանիկ աշխարհքն է, որ բոլոր հայրենիքներն ու կրոնները միացնում է գեղեցկության, ճշմարտության ու արդարության մեջ, ուր այլևս խտրություն չկա և ամենքից հավասար սիրվում է ամեն մեկը, ով էնտեղ կհասնի։

Վերջապես ժամանակն է, թող իմանան մեր ռուս եղբայրները, էնպես էլ ավելի հեռուները թող իմանան, որ «եթերային բարձունքները» երբեք խորթ ու անմատչելի չեն եղած հայի հոգուն, որ հայի հանճարն էլ է միշտ սավառնացել էն վսեմ, էն սուրբ ու նուրբ ոլորտներում, թեև նա ինքը՝ հայը, միշտ լողացել է արյան ծովի մեջ, ահա ճիշտ էնպես, ինչպես մի Սայաթ֊Նովա։

ՍԱ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԻ

Ո՞րտեղ է, վերջապես, որ ապահովված է մարդու արժանապատվությունը։ էս հարցը զարթնեց ու ծառացավ իմ մեջ, երբ «Кавк<азкое> сл<ово>» թերթում կարդացի