թշնամու հարձակումներից։ Հայ ժողովուրդը իր ամբողջությամբ ոտի էր կանգնել։
Եվ էդ բոլոր պատերազմներում Անգլիան օգնում էր Պարսկաստանին։ Իհարկե, նա չէր էլ մտածում հայ ժողովրդի մասին, և միայն մի ցավ ուներ՝ կտրել ռուսի առաջխաղացության ճանապարհը դեպի հարավ, դեպի Հնդկաստանի իր կալվածքները։ Եվ էդպեսով գործում էր պարսկահայկական հարցի դեմ։ Թե՛ 1804―7, թե՛ 1810―13, թե՛ 1826―28 թվականներին պարսից սարվազների գլուխն անցած ռուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորների ու հայ ժողովրդի դեմ՝ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20 հազարով ու 40 հազարով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին Հնդկաստանի անգլիական կոմպանիան։ Ղարաբաղի ամրությունների ու Էջմիածնի պարիսպների դեմ որոտում էին և անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր. «Թագավորների Թագավորից Շահերի Շահին պարգև»։
Սակայն, վերջիվերջո, հաղթվեց Պարսկաստանը ու վճռվեց պարսկահայկական հարցը. այսինքն, պարսկահայկական նահանգներն անցան Ռուսաստանին և ապահովվեց հայ ժողովրդի գոյության խնդիրը։
Հերթն եկավ տաճկահայկական հարցին։
Տեսնում ենք դարձյալ Անգլիան Տաճկաստանի հետ Ռուսատանի դեմ և միաժամանակ դեմ հայկական հարցին։
Թե՛ 1829 թվականի, թե՛ 1855 թվականի, թե՛ 1878 թվականի ռուս-տաճկական պատերազմներին հայտնի է, թե ինչ պաշտպանություն ցույց տվեց Անգլիան Տաճկաստանին։ Մի քանի անգամ ռուսաց բանակը մտել է Էրզերում և մի քանի անգամ հայկական նահանգները Անգլիայի ջանքերով ռուսից խլվել ու ետ են տրվել սուլթանին։ Եվ մի քանի անգամ հայ ժողովուրդը, որ էդ պատերազմներում իր համակրանքն ու սերը բաց ցույց էր տվել ռուսներին, Անգլիայի ձեռքով մատնվել է տաճիկ կառավարության ու ժողովրդի վրեժխնդրության կատաղությանը։
2-145