Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/210

Այս էջը հաստատված է

Էս տեսակ ճանապարհով անցնող ամեն մեկը ահ ու դողով պետք է անցնի միշտ, և ամեն րոպե կարող է կորցնել ամեն բան, ինչ որ թանկ է իրեն համար։

Ուսումնարանն էլ մի ճանապարհ է, որով մանկավարժ մարդը սերունդներ է առաջնորդում դեպի վեր, եթե էդ ճանապարհին էլ նա շարունակ պետք է դողա, կամ կորցնի իր մարդկային արժանապատվությունն ու ինքնավստահությունը, էլ նրանից ի՞նչ է մնում, էլ ի՞նչով կարող է նա վեր հանել իրեն հետևող հոգիները և նրանց ներշնչել էն ազնիվ համարձակությունն ու անկաշառ շիտակությունը, առանց որոնց մարդը լոկ հացի ճիճու է, ուրիշ ոչինչ։


ԱԶԴ

Մենք անծանոթ ենք մեր հայրենիքին, նրա բնությանը, նրա կյանքին, նրա անցյալին ու ներկային։ Սա մի շատ ցավալի երևույթ է, որ բացատրվում ու արդարանում է միայն մեր կյանքի ծանր ու ձախորդ պայմաններով։ Մենք երկար ժամանակի ամեն տեսակ քայքայումից հետո, նոր ենք ուշքի գալիս ու նոր ենք ուժի գալիս։

Մեր պատմության էս սև ու դժբախտ ժամանակի շրջանում, շատ ու շատ լավ սովորությունների հետ, մենք թողել ենք և մեր ազգային գեղեցիկ ու իմաստալի խաղերը, մոռացել ենք նրանց ահագին նշանակությունն ու ազդեցությունը կյանքի մեջ։

Սակայն դա ծանր հարվածներից առաջացած մի ժամանակավոր թմրություն էր մեր ազգային կյանքում, մի անցողակի տխուր վիճակ, որից հետո մենք մտնում ենք վերածնության, վերանորոգության, կազդուրման ու կազմակերպման նոր, կենդանի, աշխույժ, առողջ ու ոգևորիչ շրջանը։ Արդեն զգում ենք նրա թարմ, կազդուրիչ շունչը և մեր, դարերով թմրության մատնված ու կաշկանդված, ուժերը խաղս են լինում։ Էսպես է բնության սքանչելի օրենքը.