կյանքն ու կենդանությունը, ուժեղ հոգին ու առողջ սիրտը խաղով են արտահայտվում։ Պետք է վերանորոգենք մեր հին լավ խաղերը և ուրիշներից օրինակ առնելով միշտ լրացնենք։
Մարդիկ կան, ըստ ամենայնի թմրած, լքված ու խորտակված մարդիկ, որ խաղը հասարակ բան են կարծում և իրենց մեռելությունը լրջություն են անվանում։
Էդպես չի կենդանի, ապրող մարդը։ Նա ոչ թե միայն խաղի պահանջն է զգում, այլև պարզ տեսնում ու նկատում է, որ էն ժամանակ, երբ մենք ծանր նստած մեծ-մեծ բաներ ենք խոսում, խաղն ու նրա նման փոքրիկ համարված բաները իրենց վճռական գործն են տեսնում, կյանք, հոգի, լեզու՝ մարդ են ստեղծում։
Հառաջադեմ ազգերի մեջ խաղին ահագին նշանակություն են տալիս, և խաղում են ամենքը, մեծից մինչև փոքրը։ Նրանք լավ գիտեն, որ խաղը մի հեշտ ու հաճելի միջոց է, որ նպաստում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, և թե՛ հոգևոր-բարոյական զարգացմանը։
Մարդ ասելով էստեղ հասկանում ենք ամեն հասակի մարդ, բայց խաղը առանձնապես անհրաժեշտ պահանջ է երեխաների ու պատանիների համար, էն դալար հասակի համար, որ մեր լեզուն որոշում է մի բառով՝ մանկություն։
Մանկությունը մարդու կյանքի էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ։ Հետևաբար՝ շարունակ էլ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա։ Եվ ահա հենց էստեղ էլ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ սնունդ տալ, և ի՞նչ ձևով տալ։
Ինչ վերաբերում է սնունդին, ամեն բան, ինչ որ շրջապատում է նրան, ինչ որ գոյություն ունի աշխարհքում, սնունդ է նրա համար։ Միայն թե պետք է իմանալ, գտնել էս անսպառ սնունդ տալու ձևը։ Եվ մինչդեռ մենք նստած խորը մտածում ենք էս դժար հանելուկի վրա, ինքը, մանուկ հասակը, ցույց է տալիս էն հրաշալի ձևը ու ամեն տեսակի սնունդ էլ պահանջում է իր ուզած ձևով՝ խաղով։