37 խաղաթղթեր են։ Խաղացողները բաժանում են (5—10 հոգի) իրենց մեջ և սկսում են խաղալ։ Նպատակը կոլեկցիաներ կազմելն է։ Խաղացողներից մեկը սկսում է խաղը՝ խնդրելով մի ուրիշից որևէ խմբակից որևէ քար, եթե միայն ունի էդ խմբակից գոնե մի քար։ Օրինակ, եթե մեկի մոտ կա թանկագին քարերի երկրորդ խմբակից մի թերթիկ (օրինակ ընդգծված ոսկեքար) պետք է աշխատի հավաքել նաև մյուս քարերը, որոնք պատկանում են նույն խմբակին (տուրմալին, արևակն, փիրուզա)։ Էսպիսով կտանի նա, ով շատ խմբակներ կհավաքի։ Պետք է խաղալ հերթով։ Եթե խաղացողը խնդրում է մեկից որևէ քար և նա չունի, խնդրողը հերթը կորցնում է, իսկ եթե ունի, ստանում է և շարունակում խաղը, խնդրելով մյուս քարերը, մինչև սխալվելը։
Նախրապան Խեչոն իրիկունը նախիրը հանդից գյուղն էր բերել։ Նախիրը խառը լցվել էր բակերը։ Ուզում էր տերետեր անի։ Վախենում էր անասունները կանաչ պարտեզները փչացնեն, ու, պարտեզներից խուսափելով, ամեն մեկի կովը կամ եզը իր տիրոջ բակն էր քշում։
Էսպես էլ խաղի տախտակի վրա նկարված է։ Պարտեզները նկարված են կանաչ թփերով ու ծառերով, իսկ բակերը նշանակված են տառերով, ա-ից մինչև կ, բակերի թվով էլ կովեր ու եզներ՝ ա-ից մինչև կ։