էլ որ ասում եմ, ասում եմ խոսքի բարձր ու ազնիվ իմաստով։ Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը։ Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող է կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ դու կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա ոգու հետ ի՞նչ ես անելու… Իսկ էդ ոգի ասած բանը անշունչ քարերից էլ կարող է Աբրահամու զավակներ հարուցանել և դաշտերում ցրված ոսկորներից՝ կենդանի ժողովուրդ։
Եվ ահա, ինչպես ամեն ժամանակ, էնպես էլ էսօր շարժվում է հայ ազգի հզոր ու աննկուն ոգին։ Մեծ աղետի օրերում էլ նա, ասես թե մի վերածնունդ նախատոնելով, շարժվում է լայնածավալ ու բազմակողմանի։ Ընկերություններ են հիմնվում իրար ետևից, գործեր են ծրագրվում ու ձեռնարկվում ամեն ասպարեզում՝ ամենօրվա ապրուստի, մթերքների շուրջը կազմվող կոոպերացիաներից մինչև գրականության ու գեղարվեստի բոլոր ճյուղերը, մինչև գրողների, նկարիչների ու երաժշտական ընկերությունները…
Երաժշտական ընկերություն… բայց երաժշտությունը ամենանորն է արվեստների մեջ, և Երաժշտական ընկերության լոկ գոյությունն անգամ ապացույց է, թե ուր ենք ձգտում մենք։ Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն, և տիրաբար տանել, ուր որ կամենա։ Էսպեսով էլ նա, արվեստների մեջ ամենազգայականն ու ամենավերացականը, միաժամանակ հանդիսանում է ամենաուժեղ արտահայտությունը ժողովուրդների ոգեկան կյանքի և, բարձրագույն հաճույքներ տալով հանդերձ, դառնում է բարձրագույն կրթության միջոց։
Գևորգ կաթողիկոսի ու Չուխաճյանի ջանքերից հետո մեր մեջ եկավ Կարա-Մուրզան, ապա թե Եկմալյանը հայտնվեց, Եկմալյանից հետո նոր երաժիշտները եկան խմբովին,
15-145