Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/233

Այս էջը հաստատված է

ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մինը։


<ՇԵՔՍՊԻՐ ԵՎ ՍԵՐՎԱՆՏԵՍ>

Ազնիվ հանդիսականնե՛ր.

Համաշխարհային գրականության պատմության մեջ հազիվ թե էնքան նշանավոր մի թվական լինի, ինչքան նշանավոր է 1603 թվականը, երբ, ասում են, լույս տեսան Անգլիայում Շեքսպիրի «Համլետը», Իսպանիայում Սերվանտեսի «Դոն Քիխոտը»։ Մտածող ու տառապող նոր ինտելիգենտի ողբերգությունը և համաշխարհային ազնիվ խենթի արկածների պատմությունը։

Երկուսն էլ, թե՛ Համլետը, թե՛ Դոն Քիխոտը, գիտեն ու տեսնում են, որ աշխարհքը դուրս է եկել իր ճանապարհից, և մարդը տառապում է, երկուսն էլ զգում են, որ իրենց է վիճակվել նորից աշխարհքը ուղիղ ճամփի վրա դնելու մեծ գործը, բայց նրանցից մեկը, Համլետը, դժգոհ է, անիծում է իր ճակատագիրը, թե ինչու իրեն է վիճակի էդ ծանր գործը ու դժբախտ է իր արքայական զգեստի ու պալատի մեջ, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, գոհ է իր բարձր առաքելությունից և երջանիկ է աղքատ Գիդալգոյի ցնցոտիներով ու իր ունեցած թշվառ միջոցներով։

Եվ ահա Համլետը թշնամուն հաստատ գտնելուց ու պարզ տեսնելուց հետո էլ, կասկածներ է հայտնում, թե գուցե լավ չտեսավ, գուցե լավ չիմացավ և աշխատում է իրեն խաբել ու հանգստացնել և խուսափել իրեն վիճակված արյունոտ գործից, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, հենց բավական է աչքը բաց անի, որ ամեն տեղ էլ տեսնի թշնամուն, ինչ ուզում է լինի և ով ուզում է լինի։ Եվ երբ Համլետը վճռական վայրկենին վարանում է ու պատյանից դուրս չի քաշում իր սուրը՝ առջևը՝ կանգնած թշնամուն հարվածելա համար, այլ տագնապալի աղաղակում է.— Զսպի՛ր