քեզ, հոգի՛ս, թող սուրը իմ խոսքերի մեջ լինի, ոչ թե գործի,— էս միևնույն ժամանակ մյուսը՝ Դոն Քիխոտը, առանց վարանքի ու տարակուսանքի, լոկ երևույթը նկատելուն պես, մերկացնում է սուրն ու հարվածը իջեցնում։ Սակայն երկուսն էլ տառապում ու կռվում են իրենց ճամփից դուրս եկած աշխարհքը կարգի դնելու համար՝ մարդուն երջանկացնելու համար։
Նույնքան նշանավոր է 1616 թվականը, և հատկապես էդ թվականի ապրիլի 23-ը, երբ միևնույն օրը վախճանվեցին Անգլիայում՝ Շեքսպիրը, Իսպանիայում՝ Սերվանտեսը, և էսպեսով համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մեր մտան երկու հսկայական արեգակ։
Երկու հսկայական արեգա՜կ…
Սակայն գերազանց է բրիտանական հանճարի փայլը, որ իր ճաճանչները մի կողմից զարկում էր մինչև Էսքիլեսի ու Սոֆոկլեսի ժամանակները, մյուս կողմից դեպի գրականության ապագան։ Եվ ամեն մի գրող, ինչ աշխարհքում էլ ասպարեզ իջնի, տեսնում է իր ուղին արդեն լուսավորված նրա շողերով, և գրեթե անխտիր, շատ քիչ բացառությամբ, ամենքն էլ խոնարհել են նրա հանճարի առջև։
Մեծ Գյոթեն, որին մի ոլիմպիական աստծու են նմանացնում, որ միշտ հանգիստ կարող է նայել ամեն գրական մեծության երեսի, երբ հասնում է Շեքսպիրին, ասում է.
— Ահով ու դողով եմ մոտենում գրական էն հսկա կաղնենուն, որի մոտ միանում են ու որից բաժանվում են գրականության բոլոր ճանապարհները…
Եվ ահա էսօր, գրականության էդ բոլոր ճանապարհներով բոլոր կուլտուրական ազգերը իրենց հիացումն ու հարգանքն են ուղղում դեպի Անգլիա՝ դեպի Շեքսպիրի նվիրական գերեզմանը, և դեպի նրա ծնող ժողովուրդը՝ անգլիական ազգը։
Մենք, հայերս էլ, որ երբեք խորթ չենք եղել գրականության ոչ մի ճանապարհին և վաղուց ջերմ սիրել ենք Շեքսպիրը, նրա մահվան երեքհարյուրամյակի օրը արդեն