Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/236

Այս էջը հաստատված է

ուժը՝ ամեն մեկի բույրն ու հրապույրը պահպանելով հանդերձ, ամենքին ի մի բերել և բազմազանությունից ստեղծել ներդաշնակ ամբողջություն։

Բայց միայն Շեքսպիրը չի, որ հանդես է բերում էս մեծ ու հրաշալի կարողությունը։ Էսպես է նաև նրա ծնող ժողովուրդը, անգլիական ազգը, որ կարողացել է իրեն հետ սերտ շաղկապել շատ տարբեր ժողովուրդներ աշխարհքի ամեն մի ծայրում, և դուք նույնիսկ էսօրվա հեռագիրներում կարդացիք, թե ինչպես հեռավոր Զելանդիայից, Ավսարալիայից ու Հնդկաստանից բազմատարազ ու բազմալեզու զորքեր են գալիս՝ Եվրոպայի ցամաքում կռվելու Անգլիայի թշնամիների դեմ, ինչպես իրենց սեփական թշնամիների դեմ, և Անգլիայի հաղթանակը իրենց հաղթանակն են համարում, Անգլիայի բարօրությունը իրենց բարօրությունն են համարում, որովհետև, հիրավի, էդպես է իրականության մեջ, էդպես է կապել իրեն հետ Անգլիան։

Հարգանք անգլիական մեծ ազգին, որ աշխարհքին ոչ միայն մեծ հանճարներ է տվել, այլև հանճարեղ կարգեր, և որ առաջինն է հայտարարել մարդկությանը, թե անձեռնմխելի է մարդու անձնավորությունը, և էսպեսով էլ միշտ ազատ ու արձակ ճանապարհ է բաց արել հանճարների ու կուլտուրայի համար։ Հարգանք մեծ ազգին ի դեմս ներկա գտնվող արժանավոր զավակների և մեր պատվավոր հյուրերի՝ պարոնայք Բըքստընի, Բեքհաուզի և Հաճքինի։


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ է ԼԻՆԻ
I

«Հորիզոնի» 89 և 90 համարներում պարոն Գ. Չալխուշյանը սաստիկ վշտացած է էն տեղեկություններից, որ տվել է Տորոպովը Ռուսաստանում 1915 թվականին լույս տեսած