Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/238

Այս էջը հաստատված է

Այո՛, գրականություն ասելիս պետք է գրողներ հասկանալ, ոչ թե գրքեր, և գրողներին պետք է հարցնել, ոչ թե գրքերին։

Եվ երբ գրողներին կհարցնեք, նրանք ձեզ կասեն, որ իրենք գրականությամբ չեն պարապում։ Խոսքս գեղեցիկ գրականության վրա է հատկապես, և ասում են, որ նրանք՝ հայոց բանաստեղծներն ու վիպասանները, գրականությամբ չեն պարապում, և պարապելիս էլ պարապում են իմիջիայլոց, պատահաբար։

Եթե ճշմարիտ չի ինչ որ ասում եմ, ապա սա մի ծանր զրպարտություն է հայոց գրողների դեմ, իսկ եթե ճշմարիտ է, մի շատ ցավալի հայտարարություն է, որի առջև լուրջ կանգ պետք է առնի ամեն մի գրականություն սիրող ու ցանկացող ժողովուրդ և քննի ու հասկանա, թե ինչո՞ւ չեն իրեն տաղանդավոր մարդիկը զբաղվում իրենց բարձր ու գեղեցիկ գործով՝ գրականությունով։

Ի՞նչն է սրա հիմնական պատճառը։

II

Այժմ գանք հայոց գրականության դժբախտության հիմնական պատճառին։

Երևակայեցեք, թե ամբողջ հայ ազգի մեջ մի 40—50 կամ 100 սափրիչ կա ընդամենը։

Ի՞նչ եք կարծում, նրանց հաջողությունը ապահովված կլինի՞, թե չէ, նրանց գործը կմեծանա՞, առաջ կգնա՞, թե չէ, նրանք իրենց արհեստը կզարգացնե՞ն, թե չէ։

Պատասխանը դրական է անկասկած։

Ինչո՞ւ

Որովհետև անպատճառ պետք է ազգի գլուխը խուզել կամ երեսը սափրել։ Եվ հարյուր սափրիչը նույնիսկ մի քաղաքի չի հերիք, ո՛ւր մնաց ամբողջ ազգին։

Շատ պարզ է՝ ինչու: