Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/239

Այս էջը հաստատված է

Երևակայեցեք, թե 100 կոշկակար լիներ միայն։ Դարձյալ նույնը։ Ազգը հո չի կարող բոբիկ ման գա, թեկուզ կոշիկի գինը մեկին տասը բարձրանա, ինչպես էսօր։

Եթե հացթուխ վերցնենք՝ նույնը։ Ազգը հո անհաց չի մնալ, թեկուզ մի օր։

Դերձակ առնենք՝ դարձյալ։ Ազգը հո տկլոր չի կարող ման գա։

Տերտեր առնենք՝ նույնը։ Պետք է տուն օրհնի, մկրտի, պսակի, թաղի…

Իսկ եթե նույնքան գեղարվեստագետ, գրող, գիտնական ու հրապարակախոս առնե՞նք, ի՞նչ կլինի նրանց վիճակն ու նրանց գործի դրությունը։

Էն, ինչ որ է։ Անպայման անապահով, անհաստատ և շատ դժար լուծելի մի խնդիր։

Ինչո՞ւ։

Որովհետև առանց գրքի ու առանց գիտության ազգը կարող է ապրել։ Իսկ էնտեղ, որտեղ առանց գրքի ու առանց գիտության կարող են ապրել, էնտեղ գրողն ու գիտնականը չեն կարող ապրել, ավելորդ մարդիկ են, և ուզեն-չուզեն պետք է իրենց ճամփից շեղվեն, իրենց գործը թողնեն, ուրիշ գործով զբաղվեն, որ իրենք էլ ապրեն, իրենց տունն էլ պահեն։ Կամ շա՜տ, շա՜տ միաժամանակ երկուսն էլ անեն՝ ծառայեն և՛ աստծուն, և՛ մամոնային։ Բայց մենք արդեն լավ գիտենք, որ չի կարելի միաժամանակ և՛ աստծուն ծառայել, և՛ մամոնային։ Դրանից լավ բան չի դուրս գալ։ Իհարկե, վերջիվերջո էսպես էլ մի բան կգրվի, բայց էն չի լինիլ երբեք, ինչ որ պետք է լիներ, և գրողը միշտ փոխանակ առաջ գնալու, ետ կգնա, ինչպես մեր գրողներից շատերը, որոնց գովելու ժամանակ սովորաբար առաջին գործերն են հիշատակում, մի հանգամանք, որ ցույց է տալիս, թե գրողը տաղանդ է ունեցել, բայց գրական մթնոլորտ չի ունեցել ապրելու և զարգանալու համար կամ եղածը հերիք չի եղել։