Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/243

Այս էջը հաստատված է

և հրապարակում հայտնվելու են իրենց ազգի քաղաքակրթությանը նախանձախնդիր շատ ազնիվ անհատներ՝ կտակարարներ ու մեկենասներ։

Արդ, ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, եթե կուզեք՝ առատ-առատ։ Հարկավոր է միայն գործի կարևորության գիտակցությունն ու բարի կամքը։

Միջոցը եղել է միշտ և ամեն տեղ։ Անգլիայում էլ միջոց կար, բայց ավանդությունն ասում է, թե Շեքսպիրը սկզբներում, Գլոբուս թատրոնի դռանը, թամաշա եկողների ձիանքն էր պահում, մինչև որ հազարավոր թամաշավորներից մեկը, հոգու աչք ունեցող մեկը, մի Սոուտհամտոն, նկատեց, որ էս մարդը ձի պահելու համար չի աշխարհ եկած, որ սովորական հացակերի մեկը չի, թևեր ունի, և լիասիրտ միջամտելով թևերը լայն տարածելու հնարավորություն տվեց, ու նա էլ խոյացավ դեպի վեր, մինչև երկինք։

Եթե գնահատողի սուր աչքը չլիներ և Անգլիայի օդը, թերևս մի Շեքսպիր մնար, եթե ոչ սոսկ ձիապան, համենայն դեպս մի խանգարված ու անհաջողության մատնված գրական մարդ։

Թող հազար անգամ Կոլումբոսը հեռուները ճանապարհորդելու և նոր աշխարհքներ գտնելու երազներ տեսներ ու տարիներով թափառեր դռնե դուռ, ի՞նչ պիտի աներ, եթե մի Իզաբելլա չհայտնվեր ու իրականություն դարձներ նրա շքեղ երազները։

Թող մի Դարվին ինչքան կուզեր հետաքրքրվեր իրենց համալսարանի շուրջը գտնվող բույսերով, բայց երբեք էնքան մեծանալու, Դարվին չէր դառնալու, եթե չնկատեին ու չուղարկեին աշխարհքի չորս կողմը պտտելու և դիտելու։

Մի Վիկտոր Հյուգոյի, դեռ տասնուհինգ տարեկան հասակից, մի ոտանավորի համար ֆրանսիական ակադեմիան խրախուսում է ու պարգև է տալիս։

Եվ էսպես տեսնում եք մի տեղ մեկենասն է, մյուս տեղ ազգն է, որ կարողանում է տաղանդներ գտնել, պաշտպանել,