Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/244

Այս էջը հաստատված է

զորացնել ու դուրս բերել։ Այո՛, տաղանդի հայտնվելը ու էս կամ էն ուղղությամբ զարգանալն էլ իր պայմաններն ունի, և իրեն-իրեն, պատահաբար չի լինում։

Մի ժամանակ, երբ մեկենասներն էին պահում գրականությունը, և մեկենասներն էլ մեծ մասով թագավորներ ու իշխաններ էին, գրողներն էլ, սրանցից բարերարված, նրանց մթնոլորտում շնչելով նրանց էին փառաբանում, թագավորներին ու իշխաններին էին հերոս առնում, և պալատական կյանքն էին երգում առհասարակ։

Հետզհետե, ժամանակի ընթացքում ժողովուրդները կազմակերպվեցին, տեր հանդիսացան ինչպես շատ բաների, էնպես էլ իրենց միջից դուրս եկած տաղանդներին ու պահեցին, պաշտպանեցին։ Գրողներն ու գեղարվեստագետներն էլ մնացին ժողովրդի մեջ, ժողովրդի հետ, նրա ցավերը երգեցին, նրա տենչերով ոգևորվեցին, նրանից առան իրենց հերոսները, և արքայական ծիրանու փոխարեն մեջտեղ եկան սովորական մարդու ամենօրյա զգեստները, պալատական դրապիրովկի ու պուրակների փոխարեն տարածվեց ազատ բնությունը, ու փքուն, ճռճռան ֆրազների փոխարեն սկսեց տիրել ժողովրդական լեզուն իր կենդանի երանգներով, իր կուռ, գեղեցիկ ոճով ու իր վճիտ պարզությունով։

Առեք պալատական գրողներից թեկուզ ամենամեծերը, ամենալավերը. մի Գյոթե, որ էնքան նոր է ու էնքան համայնապարփակ, բայց որ Վեյմարի պալատում է ապրել ու երգել, մի Ֆիրդուսի, որ Մահմուդ Շահի երգիչն է, մի Ռուսթավելի, որ Թամար թագուհու երգիչն է, էլ չեմ ասում մի Կոռնեյլի, մի Ռասինի և սրանց նման ուրիշներին, որոնք պալատից դուրս կյանք չեն էլ ընդունում. սրանց դիմացը դրեք մի Մոլիերի, մի Բեոռնսի, մի Բերանժեի կամ մի Իբսենի, որոնց թիկունքին իրենց ժողովուրդներն են կանգնած։ Խոսքս, իհարկե, տաղանդների մեծության ու փոքրության վրա չի, այլ ոգու, շնչի, ուղղության, աշխարհայացքի, և կտեսնեք ի՜նչ ահագին տարբերություն կա։ Մի տեղ տիրողներն