Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/246

Այս էջը հաստատված է

կվերսկսի իր գործունեությունը շատ ավելի մեծ թափով ու մեծ ծավալով, և հենց նա էլ կարող է լինել հայոց գեղարվեստի, գրականության ու գիտության մարդկանց ապահովության գործի կենտրոնը։ Նրա հետ միասին պետք է ստեղծել մի գրական-գիտական կաճառ, որ մի կողմից կընտրի Ընկերության ընդհանուր ժողովը, մյուս կողմից կմիանան միջոցներ տվող մարմինների և մեր այլ կրթական-կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչները։

Էս կաճառն է, որ պետք է որոշի՝ ում օժանդակել, ինչ ձևով, ինչքանով, ինչ ժամանակով ու ինչ նպատակով։

Ինչ ձևով եմ ասում, որովհետև միայն թոշակի ձևը չի, որ պետք է կիրառվի։ Բացի թոշակը ուրիշ շատ միջոցներ կան։ Օրինակ, կարելի է որոշ ժամանակով կամ միանգամ ընդմիշտ գնել էս կամ էն գրողի կամ գեղարվեստագետի երկերը։ Էսպեսով և նրա գործերը կդառնան ազգի սեփականություն ու էժան կտարածվեն ժողովրդի մեջ և նա ինքը հնարավորություն կստանա ազատ շարունակելու իր գործունեությունը։ Կամ կարելի է էս կամ էն գիտնականին, մասնագետին հանձնարարել ուսումնասիրելու մեր երկիրը, մեր պատմությունը, ժողովուրդը, լեզուն և այլն և այլն, միշտ ապահովելով նրանց գործն ու գործունեությունը։

Էն ժամանակ էլ ականատես չենք լինիլ էն տեսակ ծանր ու ամոթաբեր երևույթների, թե Նորայր Բյուզանդի պես մի գիտնական հայ ազգի լեզուն ուսումնասիրում է հենված մի օտարուհու օժանդակության վրա ու միշտ անտես առնված հայությունից և զայրույթով ցանկանում է իր գրվածքները ոչնչացնել…

Կամ Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ, չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն՝ գավառները ճանապարհորդելու և կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել և որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին…