Էս գանգատը պարբերաբար, գրեթե ամեն շաբաթ, մի քանի անգամ ամեն տեղից հայտնվում է մեր մամուլի մեջ, և խոսվում է ամեն անկյունում։ Արդ, ի՞նչ ունի հայ ժողովուրդը գոնե այժմ, քաղաքական հանգամանքներում, էս երևույթի դեմը հանելու։ Դպրոց և գրականություն։ Դպրոցը որոշ չափով պաշտպանվում է և դեռ ավելի պետք է ուժեղացնել, բայց գրականությունը թողած է քամու հոսանքին և տակավին չի հասկացված, թե ազգային լեզվի ու ինքնաճանաչության գործի մեջ ինչ արժեք ու նշանակություն ունի էս կամ էն գրողի գոյությունը՝ մի Րաֆֆիի, մի Գամառ-Քաթիպայի, մի Աղայանի և այլն, և այլն։ Եվ ոչ ոք չի էլ մտածում, թե նրանք մի՞թե էն կտային, ինչ որ տվել են, եթե նպաստավոր հանգամանքներում լինեին։
Վերջապես, ասում են, թե հայերը վաճառական ժողովուրդ են։ Նայենք և էս տեսակետից։ Առնենք գրողներից ամենաթանկը, որ ամենից շատ ծախք է նստել իր երկրին, օրինակ մի Գյոթե։ Հաշվեցեք, թե ինչ է նստել նա, և մի՞թե այժմ միայն էնքան արժե իր երկրի ու իր ժողովրդի համար։
Ի՞նչ բան է Անգլիայի կամ մի որևէ անգլիացու տվածը մի Շեքսպիր պահելու համար, մի Շեքսպիր, որին էսօր նույն Անգլիան չի փոխում ամբողջ Հնդկաստանի հետ։
Էսպես էլ ամեն մեկը, մեծից մինչև փոքրը։
Բայց նրանք, որոնք Շեքսպիրներ ու Գյոթեներ են ուզում, պատրաստի, երբեք չեն ունենալ, ինչպես Շեքսպիրն ու Գյոթեն էլ պատրաստի Համլետ ու Ֆաուստ չեն գտել փողոցում։
Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն, և, նույնիսկ, պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտպանածներից տասնից մինն է միջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը տաղանդավոր և հազարից մինը հանճարեղ։