Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/251

Այս էջը հաստատված է

աստղերը խավարեցնում է, ոչ թե լուսնի։ Եվ ավելացնում եմ, յար բառն էլ էստեղ սխալ է թարգմանած—милый։ Յար էստեղ կնշանակի ընկեր։

Ճիշտ չի թարգմանած «Կռունկի»

«Զարկած է զիս շամփուրը, բռնած կրակին»․

«Вертель бьет меня, на огне согрет»․

Սայաթ֊Նովայի

«Կրակէ ծըվէմէն դուս էկած՝ ռաշ, ջէյիրան իս ինձ ամա» տողի մեջ՝ «կրակի ծովեմենը», վերաբերում է և՛ ռաշին, և՛ ջեյրանին։ Դրանցից մեկը հրեղենի մտքով չի գործածած, մյուսը հողեղենի, այլ երկուսն էլ հրեղենի։

Գանք խարին, որ էնքան զբաղեցնում է պարոն Մակինցյանին։

Բանն էն է․ որ խար բառը Սայաթ-Նովայի երգերի 74 երեսում հանգ․ Ախվերդյանը թարգմանել է փուշ։ Ես էլ հենց էդտեղից նկատողություն եմ արել, թե խարը ոչ թե փուշն է, այլ էն ճիճուն՝ բողոճը, որ ուտում է վարդը։ Միայն թե առանց մյուս երգերը նայելու, թե որտեղ ինչպես է գործ ածած, տարածել էի էս մտքով ամենքի վրա, որից առաջացել էր վերև հիշած սխալը։ Ուրիշ խոսքով՝ հանգ․ Ախվվերդյանն էլ է ճշմարիտ, ես էլ։ Տեղ կա վարդի բողոճի իմաստն ունի, տեղ կա փշի։ Այժմ պարոն Մակինցյանն ասում է․ «Շատ սիրուն իս Շախաթայի» երգում էլ կնշանակի՝ անարգ, թշվառ, որ պարսկերեն է։ Սա էլ է շատ հավանական։ Բայց սրա հետ միասին, բավական ինքնավստահ պնդելով, թե հենց իմ ասած իմաստով, վարդի բողոճի իմաստով է, որ ոչ մի տեղ խար բառը գործ չի ածված, ինքը շատ լուրջ կերպով մի էշ է բերում և հանդիսավոր տեղավորում է Սայաթ-Նովայի երգերից մեկի մեջ։

«Ես բըլբուլ իմ, վարդըս մընաց խարումըն․․․»։

Ասում է էս խարումն պետք է կարդալ խարուն, որ կնշանակի իշին, այսինքն՝ վարդս մնաց իշին, և էշն էլ էստեղ պինդ կապում է։