Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/255

Այս էջը հաստատված է

1915 թվականի Տեղեկագրից երևում է, որ Ընկերությունը նպաստ է տալիս 123 դպրոցի և կամ ուղղակի պահում է։ Էդ դպրոցների մեջ շատ քչերն են երկդասյան։ Չեմ ուզում երկար կանգ առնել դպրոցական խնդրի վրա, թերևս ավելի ձեռնհաս մարդիկ խոսեն էդ մասին, բայց, իմ կարծիքով, լավ կլիներ, եթե Բարեգործական ընկերությունը ավելի ուշք դարձրած լիներ արհեստների վրա և արհեստանոցներ բանար։ Ընկերության նպատակների մեջ էս կետը դժբախտաբար գրեթե մոռացության է եղել մատնված, և միայն վերջերս գաղթականների գալուց հետո են երևում արհեստանոցները՝ Թիֆլիս ու Դիլիջան։ Էն էլ ժամանակավոր են երևի, որովհետև գաղթականների հետ են կապված։

Ինո՞ւ համար եմ էսպես ասում։ Նրա համար, որ երեք-չորս տարվա տարրական դպրոցի ուսումը ուսում չի, ոչինչ բան է, և գրեթե միշտ գյուղացի երեխաները դպրոցն, էսպես ասած, ավարտելուց մի քանի տարի հետո մոռանում են և մնում դարձյալ նույն տգետը, բայց երեք—չորս տարվա արհեստ սովորած տղան արհեստավոր է և մի կտոր հացի տեր կյանքի մեջ։ Սրա համար էլ լավ կլիներ, եթե դպրոցների թիվը թեկուզ և էդքան շատ չլինի, բայց եղածները ուժեղ լինեն, իսկ արհեստանոցներ ինչքան կարելի է շատ բաց անել։

Ընդգծելով, որ ժամանակի ու հանգամանքների բերմունքով Ընկերության ուշադրությունը մեծապես գրավել է տառապյալներին օգնելու գործը, հետևյալ անգամ կխոսենք նրա կենտրոնական գրադարանի մասին, որ միակ բանուկ հայկական գրադարանն է Թիֆլիսում, և նրա մի գեղեցիկ ձեռնարկության՝ իր ճյուղերի միջոցով դպրոցական-գյուղական գրադարաններ հաստատելու մասին։


ԵՐԿՈԻ ԲԱՌ ՀԱՅՈՑ ԷՊՈՍԻՑ

Արդեն լույս է տեսել Պետրոգրադում հայոց գրականությանը նվիրված Ժողովածուն՝ «Сборник Армянской литературы», Մաքսիմ Գորկու խմբագրությամբ։