Էսօր, նրա կյանքը վերապատմելու կամ նրա տաղանդը վեր հանելու ժամանակ, ես էլ ուզում եմ էն պատմել, թե երբ ու ինչպես եմ նրան տեսել և ինչ առնչություն եմ ունեցել նրա հետ, թեկուզև շատ կարճ ու կողմնակի։
Ութսունական թվականներն էին։
Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում էին Գամառ-Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում էին Րաֆֆու վեպերը անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինվորական երաժշտությունը հնչում էր «Զեյթունցիների մարշը», և որոտում էր Ադամյանը։ Հասարակությունը խռնըվում էր թատրոնի դռների առաջ, ու փողոցային երեխաները Թիֆլիսի փողոցներում ճչում էին.
— «Օֆելիա՛, մտի՛ր կուսանոց…
— Դեզդեմո՛նա, ո՞ւր է թաշկինակս…»
Հայոց լեզուն տիրաբար հաղթանակում էր գրեթե ամբողջովին վրացախոս Թիֆլիսում և մի նոր շունչ էր փչում։
Թիֆլիսի հայության վրա առանձնապես մեծ տպավորություն էր թողել էն չտեսնված ու չլսված հանգամանքը, որ գլխավորապես ռուս գեներալներն ու բարձր շրջանները իրենց ընտանիքներով լցվում էին հայոց թատրոնի օթյակները…
Ես աշակերտ էի։
Ոչ մի կերպ չէի հաշտվում էն ամենի հետ, ինչ որ խոսում էին էս մարդկանց դեմ. մանավանղ խոսում էին Գամառ-Քաթիպայի, Րաֆֆու և Ադամյանի դեմ, Արծրունու մասին միայն թե ասում էին բռնակալ է։
Պատանեկան ասեմ թե երեխայական զայրույթով ծառս էի լինում, վիճում իմ միանգամայն չգիտցած բաների մասին, պաշտպանում էի նրանց և շարունակ երազում էի տեսնել։
Գամառ-Քաթիպային երբեք էլ չտեսա։ Դեպքը բերեց, հենց էդ օրերը, դեռ աշակերտ, եղա Րաֆֆու մոտ, երբ առաջին փռած Սամվելն էր գրում ու սրբագրում։ Մի քիչ