Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/26

Այս էջը հաստատված է

Դարձյալ ռուսական մամուլն է արծարծում հայկական հարցը, և դարձյալ ռուսական զորքն է կանգնած էն դժոխք երկրի սահմանի վրա, ուր դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում է հայ ժողովուրդը։

Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին․ բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, է՛ն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները,― պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել է ու կունենա վճռական ազդեցություն։


ՀԱՅՈՑ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ

Մոտ օրերս կսկսվեն Հայոց գրական երեկոները։ Էդ երեկոներին քննության ու վիճաբանության առարկա կլինեն մեր գրականությունն ու գրողները, մեր գործերն ու գործիչները, մեր աշխարհքն ու պատմությունը, մեր կյանքն ու իր հարցերը և ուրիշ ընդհանուր զարգացողական նշանակություն ունեցող հարցեր ու գործեր։

Ընկերության ընդհանուր ժողովը ի նկատի ունենալով գրական երեկոների մեծ կարևորությունը, արդեն վարչությանը որոշ ծախքեր անելու լիազորություն է տվել, և անշուշտ