բեմի վրա, հենց էդ խաղն էլ պատճառ եղավ, որ ես ծանոթացա նրա հետ։ Էդ էլ էսպես եղավ։ Պոլսից Թիֆլիս էր եկել իր ժամանակին հայտնի դերասան Կյուրեղյանը և, եթե չեմ սխալվում, տիկ. Հրաչյայի հետ «Վարդան Մամիկոնյան» էին խաղալու։ Ահա այդ խաղի մեջ Ադամյանն էլ վերցրել էր Եղիշեի դերը։ Վարդա՜ն Մամիկոնյա՜ն… Եղիշե՜… Ադամյա՜ն… Ես էլ Ներսիսյան դպրոցի աշակերտ, վճռեցի տեսնել, ինչ ուզում է լինի, թեկուզ դպրոցից դուրս անեն։ Մի բարի հոգի ինձ սովորեցրեց, թե էնպես մի կարճ ու ապահով ճանապարհ կա, որ համ Ադամյանին կտեսնես, համ Վարդան Մամիկոնյանին, դեռ նրանց հետ էլ կխաղաս ու քեզ էլ դպրոցից դուրս չեն անիլ։
— Ի՞նչպես։
— Թե՝ ներկայացումից առաջ կգնաս բեմի ետևը, կհայտնես, որ ուզում ես զինվոր խաղաս,— կընդունեն, շորերդ կփոխեն, բեխեր կշինեն, ու կլինես բեմի վրա, էլ ոչ կճանաչեն, ոչ դուրս կանեն։
Փոխանակ քիչ առաջ գնալու, ես դեռ մի քանի ժամ առաջ գնացի, մինչև իրիկնապահ սպասեցի։ Իրար ետևից եկան, հարցուփորձ արին, վերջապես ինձ ընդունեցին հայոց զինվոր։ Շորերս փոխեցին, տրիկո հագցրին, գույնզգույն լանջապանակ հագցրին, մի ոսկեզօծ կարդոնե սաղավարտ կոխեցին գլուխս, մի փետե սուր կախ արին կողքիցս, սուր ծերը արծաթի գույն թղթով պատած մի նիզակ էլ ձեռս տվին, և արդեն կազմ ու պատրաստ էի մեծ պատերազմի համար։
Էսպես կերպարանափոխված ու զինավառ որ հայելու մեջ ինքս էլ ինձ տեսա, լցվեցի գործի լրջության գիտակցությամբ։ Ռուս զինվորներ էին բերել, նրանց հետ տարան մի երկու անգամ բեմի վրա պտտեցինք, փորձ արինք, թե որ կողմից պետք է մտնեինք, ինչ անեինք ու ինչ ասեինք, և ընդամենը ասելիքներս մի քանի բացականչություններ էին՝ կեցցե՛ Վարդան, կեցցե՛ զորավար, և սրա նման բաներ, նրանից հետո մեռել պիտի խաղայինք, իբրև պատերազմի