Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/261

Այս էջը հաստատված է

տերաղմի դաշտում՝ Ավարայրի դաշտում, սպանված հայ զինվորներ։ Ահա հենց էս սպանված զինվորների դերն էր, որ ես չկարողացա կատարեմ ու դուրս եկավ սկանդալ։ Վերջին գործողությանը, վարագույրը բանալուց առաջ մեզ տարան պառկեցրին զանազան տեղեր՝ թե՛ դաշտում, թե՛ լեռան լանջերին, իբրև սպանված ու թափված զինվորներ։ Ես ընկա մի լեռնալանջ։ Բանն էն է, որ էդ լեռնալանջ ասածդ կտավի վրա նկարած լեռներ ու ժայռեր են, ետևից տեղ-տեղ արանք-արանք տախտակներով շինած։ Էդ տախտակների վրա պառկեցինք՝ իբրև լեռնալանջերին։ Ես էլ, ինչքան կարող էի, պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք ընդունեցի, սաղավարտս ու նիզակս էլ կողքիս ընկած, տախտակի լենքովը մին պառկեցի։ Բայց էնպես պառկեցի, որ կարողանամ ներքև՝ դաշտին նայեմ, ուր մի սևացրած արկղի վրա, իբրև ժայռի վրա գալարվելով ու «Ա՜խ, Հայաստան, Հայաստան» մրմնջալով, մեռնում էր Վարդան Մամիկոնյանը՝ Կյուրեղյանը։ Նրա մոտ պիտի գային և Վասակի կինը՝ տիկին Հրաչյան, և վերջապես Եղիշեն՝ Ադամյանը, ծեր Ծառուկի հետ։

Վարագույրը բացվեց։ Առաջին անգամ էի բեմից հասարակություն տեսնում. անհամար գլուխներ ու աչքեր, բոլորը հառած դեպի մեզ։ Բեմի վրա կես մութ է, լուսնյակ գիշեր և խորհրդավոր լռություն, միայն Վարդանն է, որ ոլոր-մոլոր է գալիս ու ցավալի մրմնջում. — «Ա՜խ, Հայաստան, Հայաստան…»։

Ահա եկավ Սաթենիկը, մի բաժակ գինի ձեռքին, որ Վարդանի համար է բերում Հայաստանից։

Ոտներս ինձ քաշեցի, սրան ճանապարհ տվի։ Գնաց, ներքև սկսվեցին նրանց փոխադարձ ողջագուրանքները, գուրգուրանքներն ու սրբազան ուխտերը…

Մին էլ հանկարծ թատրոնը թնդաց ծափերից, գլխիս վերև հայտնվեցին Եղիշեն՝ Ադամյանը ծեր Ծառուկին հենված։

— Ծո՛, ճանապարհ տուր…

17-145