Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/262

Այս էջը հաստատված է

Ոտներս դարձյալ ինձ քաշեցի, սա էլ անցավ։

— Վարդա՛ն, իմ Վարդա՛ն,— մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ։ Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղա — սը՜ս՜ս… հասարակությունը ամեն կողմից սը՜ս արավ ու լռեց, պատրաստվեց։ Էդ ժամանակ ես էլ ուզեցի պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ, վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքև, անկանոն դիրքի պատճառով՝ թուքս կատիկս թռավ թե ինչ՝ հանկարծ մի հազ բռնեց ինձ։ Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները՝ այսինքն բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ։ Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել բրավո՛… բիս… կեցցեն հայոց քաջերը…և այլն և այլն։

Խեղճ Ադամյանը մնացել է քարացած, մեջտեղը կանգնած։ Վերջապես հազս դադարեց, ժողովուրդը հանգստացավ, նորից սը՜սս, նորից լռություն։ Ադամյանը մի փոքր էլ սպասեց ու խաղաց։ Գործողությունը վերջացավ։ Վարագույրն իջավ թե չէ՝ ժողովուրդն սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել, իսկ Ադամյանը տեղից թռավ դեպի մեռելները կատաղած գոռալով.

— Ա՛ն ո՞վ էր, ծո՛…― բայց ժամանակ չկա, կանչում են, վարագույրը բարձրացնում են։ Գնաց։ Ես խառնակ դրությունից օգտվելով փախա, զինվորական համազգեստս հանեցի ու փախա դեպի պարտերը։ Ճանապարհին, դեպի բեմի ետևը եկողները հարցնում էին, թե էն ո՞վ էր, որ էնպես հազում էր ու աչքերն էլ բաց ներքև նայում։ Ես մտածեցի, որ, էս աչքերի բացն էլ քանի չեն իմացել, շուտով թողնեմ բեմական ասպարեզը, գնամ տուն։

Մյուս օրն էր թե մի երկու օրից հետո, պատմեցին, թե այժմ Ադամյանն էլ բարկացած չի, ծիծաղելով է պատմում էդ դեպքը և հարցնում էր, ուզում էր ինձ տեսնի։ Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց,