Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/27

Այս էջը հաստատված է

վարչությունը պետք է աշխատի հանդես բերելու մեր մեջ եղած լուրջ ուժերն, և երեկոները դարձնի հետաքրքրական ու բովանդակալից։

Բայց, որովհետև երեկոները լինելու են վիճաբանություններով ու ընդդիմախոսություններով, շատ է ցանկալի, որ կարծիք հայտնողներն ու վեճի մտնողները լրջորեն պատրաստված լինեն առաջուց ու նյութին ծանոթ, ընդդիմախոսությունները լինեն պատճառաբանված ու հիմնավորված և վիճաբանությունները կոռեկտ։ Լավ վիճաբանողները պետք է սովորեցնեն հասարակությանը, թե ինչ կնշանակի մի բան հասկանալ, ինչպես պետք է հասկանալ, ինչպես պետք է կարծիք հայտնել և ինչպես վերաբերվել հակառակորդին։

Դա կլինի դպրոց։


ՄԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

«Հոիիզոնի» №21 առաջնորդողում գրված էր, թե Հայոց գրողների ընկերությունը որոշել է դրամական դիմումներ չանել։ Էս խոսքերից էնպես է դուրս գալիս, որ ընկերությունը որոշել է դիմումներ չանել առհասարակ։ Էսպես են կարծում և շատերը։ Միանգամայն սխալ։

Հայոց գրողների ընկ. ընդհանուր ժողովը որոշել է դրամական դիմումներ չանել մասնավոր անհատների, բայց նա միշտ կարող է դիմումներ անել ազգային-հասարակական հաստատություններին և հայ ժողովրվի ընդհանրությանը։

Եվ, թերևս, մոտ ապագայում լինի էդպես մի կոչ, որ ամեն մի հայ մարդ, ով սիրում է իր ազգային գրականության գոյությունն ու նրա զարգացումը, հարուստ թե աղքատ, իր շատով թե քչով, գա ուժեղացնելու Հայոց գրական ընկերությունը, և նրա միջոցով Հայոց գրականությունը։