հույս ունենալ։ Ես չեմ ասում, որ այդ համալսարանականը անպատճառ բանաստեղծ կամ վիպասան լինի, այլ հայերեն գրող հայ գիտնական։ Եվ ինչո՞ւ չունենք։ Որովհետև մեր ներկա մտավոր անդաստանը կարող չէ սնուցանել իր մեջ մի այդպիսի մարդու իր գրավոր աշխատանքով։ Բայց եթե այդ մարդը ապահովություն ունենա ազգի կողմից, կարող է մեր մեջ ապրել, մեզ ուսումնասիրել և մեզ ինքնաճանաչության բերել»։
Էստեղ ընդհատում եմ իմ հավերժացած մեծ ընկերոջ խոսքը և ակամայից ուշքս կենտրոնանում է իրեն վրա։ Մի ժամանակ կարդացել եմ Րաֆֆու մի նամակը, որի մեջ գանգատվում է մեր նշանավոր հրապարակախոսներից մեկին և հենց նույնիսկ նրա դեմ, թե, մինչդեռ իրեն գրվածքներով ուրիշները կարդալ են սովորում ու զարգանում, իրեն սեփական երեխաները մնում են մի ետ ընկած գյուղում անուսում ու տգետ, ուրիշներն էլ կարծում են, թե ինքը անտարբեր ու անսիրտ ծնող է, մինչդեռ ճշմարիտն էն է, որ ինքը միջոց չունի և չի կարող քաղաք բերել, պահել և ուսում տալ իր զավակներին…
Մի օր, մի մտերմական զրույցի ժամանակ նույն գանգատն արավ Աղայանը, թե մինչդեռ մի ոտս Շորագյալ (Շիրակ), մյուս ոտս Ղարաբաղ, օր ու գիշեր անդադար աշխատում էի, ուսումնարաններ էի բաց անում, որ իմ ազգի երեխեքն ուսում առնեն, լուսավորվեն, մյուս կողմից էլ մանկավարժական հոդվածներ և մանկական երգեր ու հեքիաթներ էի գրում, որ նրանց ուսումն ու կրթությունը հարազատ լինի, առողջ ու կատարյալ, իմ երեխաները մնացին գյուղումը՝ անգրագետ, անուսում, տգետ ու խավար, և իմացողներն ու տեսնողներն էլ վրես ծիծաղեն, թե տեսեք՝ Աղայանը խալխի երեխանցը ուսում է տալիս, իր երեխանցը թողնում անուսում. փոխանակ ամաչելու և մտածելու, թե մենք ենք մեղավոր, որ նրան միջոց ու հնարավորություն չենք տալիս և չենք պահում ոչ իբրև մանկավարժի, ոչ իբրև գրողի։