Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/278

Այս էջը հաստատված է

Եվ էդ արյունոտ սրով նա մորթեց Արևելքի կուլտուրական ժողովուրդներին, խորտակեց նրանց հին ու փառավոր կուլտուրաները և, վերջին մահացու հարվածը տալով բյուզանդական պալեոլոգներին, էդ սպանիչ սուրը մեկնեց Եվրոպայի սիրտը։

Չորս հարյուր տարի շարունակ գրոհ տվեց Եվրոպայի դարպասների վրա, որ խորտակի ու ներս խուժի՝ սպանելու արևմտյան քաղաքակրթությունը, ավերելու բարեշեն քաղաքները, ավարելու դարերով դիզած բարիքները, իր ձիաների սմբակների տակ տրորելու հումանիզմն ու վերածնությունը, կոտորելու Ռաբլեին ու Տասսոյին, Շեքսպիրին ու Սերվանտեսին, Ռուբենսին ու Ռաֆայելին, Կոպեռնիկին ու Գալիլեյին, Կոլումբոսին ու Գուտեմբերգին և նմաններին։

Չորս հարյուր տարի Արևելյան Եվրոպան ահով ու սարսափով դիմագրավեց նրա դժոխային արշավին, մինչև որ 17-րդ դարում, Վիեննայի պատերի տակ, վերջնականապես կտրեց նրա առաջ անցնելու հույսը։

Այնուհետև կռիվն իրեն վրա առավ նոր զորացող Ռուսաստանը, որ երեք հարյուր տարի է անհաշտ ու անդադար պատերազմ է վարում էդ դաժան ու խավար ուժի դեմ՝ հետզհետե կտրատելով ու կրճատելով նրա լայնածավալ տերության սահմանները և էսօր էլ, ահա, տալիս է վերջին հարվածը։

Մեծ է Ռուսաստանի էս ծառայությունը քաղաքակիրթ աշխարհքի առաջ, և երբեք նրա կառավարության հոռի կողմերը չպետք է արգելեն տեսնելու էս մեծ գործը, որի հաջող ավարտումը համաշխարհային տոն է քաղաքակրթության համար։

Տոն է մանավանդ էն ազգերի համար, որոնք դարերով կրել են թուրքի անտանելի լուծը և դարերով լալիս են իրենց անվերջ կորուստները նրա ձեռքից։

Եվ ահա էսօր նա՝ ռուսական հզոր բանակի առջև պարտված ու ջարդված, հարյուր հազարավոր անմեղ մանուկների,