Էս դեպքից թե քանի տարի անցավ, լավ չեմ հիշում։ Հերս էլ մեռավ, էս գործն էլ էի մոռացել, ու մի օր անցնում էի Թիֆլիսի պրոսպեկտով։ Ճանապարհին պատահեցին մի խումբ Կ. գյուղացի պաչոտնիներ։ Խմած, օրորվելով գալիս են իրար ետևից։ Պատահեցինք, կանգնեցին։
— Օ՜, բարով, բարով, պ․ Թումանյանց։
— Բարով, բարով։
— Պ․ Թումանյանց, միտդ ա, ինչ էն տարին մենծ տերտերը (հերս) մեր գեղումը X-ի աղջկա խաթեր էս մեր X-ի գլխին էն թամաշեն սարքել էր։
— Միտս ա։
— Էն, որ դու եկար քանդեցիր։
— Միտս ա։
— Ողորմի քու հորը, որ քանդեցիր։ Բա խի՞ չես հարցնում, թե էն գործը ոնց վերջացավ։
— Ո՞նց վերջացավ։
— Դե հիմի հենց օկրուժնի սուդիցն ենք գալիս, պրոկուրորի իրան կշտիցը, մի ջափա քաշի, գնա հարցրու, իմացի, թե ոնց վերջացավ։
Հարցրի, իմացա։
Եկել էին կանգնել մի կողմը մի խումբ պաչոտնիներ՝ վկաներ հանցավորի հետ, մյուս կողմը մի աղքատ մարդ իր աղջկա հետ։
Վկաները, խաչ ու Ավետարանի վրա երդվելուց հետո, իրար ետևից ցույց էին տվել, թե էս աղջիկը հայտնի պոռնիկ է, գյուղում էլ մարդ չկա, որ հետը հարաբերություն չլինի ունեցած, շատ լրբություններ է արել, այժմ էս պատմությունն էլ սարքել է, որ X-ից մի բան կորզի։ Եվ թե էդ էլ սարքովի բան է, դրան էլ վերահասու են ահա էս ինչ ու էն ինչ վկաները։ Եվ այլն, և այլն։
Հիմի վերջը տեսեք։ Երբ որ դատարանը կարդում է հանցավորի արդարացման վճիռը և մերժում է աղքատի ու իր աղջկա գանգատի ճշմարտությունը, սրանք, վկաները կանգնում են նորից մի բան խնդրելու դատարանից․