Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/285

Այս էջը հաստատված է

Ամեն մի ժողովրդի համար բնության ու մարդկության ճշմարիտ ծանոթության հետ միասին, իր ազգային ինքնաճանաչողությունն է իր ճանապարհի մթնում լույս տվող լապտերը։ Մութի մեջ խարխափողը միշտ ենթակա է գլխի վրա զանազան անդունդների մեջ գլորվելու վտանգին։ Եվ մի անդունդից դուրս գալուց հետո դեռ չի նշանակիլ, թե այժմ ուղիղ կերթա։ Ո՛չ, դա խրատվելու բան չի և ոչ էլ հանդիմանելու։

Մարդը առաջը չի տեսնում, ի՞նչ պիտի անեք։ Էնպես էլ ժողովուրդը առաջը չի տեսնում, ի՞նչ պիտի անեք․․․

Ո՛չ մարդն է մեղավոր, ո՛չ ժողովուրդը։ Եվ միայն չարերը կարող են լոկ չարությունով բացատրել էս տեսակ թշվառ ու արգահատելի մի վիճակ։

Հայ գրողների ընկերության վերջին գրական երեկույթին պարոն Մանուկ Աբեղյանը, հայոց հին բանաստեղծության ելևէջները, ուրախ ու տխուր էջերը բացատրելիս, մերթ-մերթ խորասուզվում էր Հայոց պատմության մեջ, ցույց էր տալիս, թե ի՜նչքան է հին էս ահռելի պատերազմը, որ էսօր վարում է հայ ազգը, թե սրանից ավելի մեծ աղետներ են տեղի ունեցել մեր հողի վրա, և առաջ էր բերում պատմական զարհուրելի փաստեր։ Ընդմիջումին լսողներից ոմանք զարմացած բացականչում էին՝ «․․․իսկ մենք կարծում ենք, թե հայոց Ազգային Բյուրոյիցն է սկսվում էս աղետը»․․․

Սեփական, ազգային կյանքի էս գրեթե կատարյալ անգիտությունը, որի մեջ կարող է լինել ոչ միայն դատողն ու դատապարտողը, այլ նույնիսկ և ինքը՝ Ազգային Բյուրոն, էս համատարած անգիտությունը մի շատ ցավալի վիճակ է, որից մենք դուրս պետք է գանք վերջապես, ինչ ուզում է լինի։ Եվ ինչքան ավելի շուտ դուրս գանք, էնքան ավելի շատ կշահենք։

Իսկ թե ինչ ճար ու ճանապարհ կա էս մութն ու տխուր դրությունից դուրս գալու, էդ արդեն ջաղացի ճանապարհի նման հայտնի է ամեն մի հաց ուտողի։