Թերևս վիճելի է, թե վաղը կամ մյուս օրը ինչ քաղաքական վիճակ ենք ունենալու, բայց որ մեզանում սկսվելու է շատ վաղուց ի վեր չեղած մի կուլտուրական-ազգային ուժեղ շարժում, գոնե ես էդ համարում եմ անվիճելի։ Եվ մենք հենց էսօր էլ շատ հնարավորություններ ունենք կուլտուրական մեծ նվաճումներ անելու և մեր ընդհանուրի բարոյականը, հոգևորը, մտավորը բարձրացնելու։ Էդ միջոցներից մեկն էլ հրապարակական դասախոսություններն ու գրական երեկոներն են։ Հրապարակական դասախոսությունը, գրական երեկոն դպրոց է մեծերի համար։ Պետք է աշխատել, որ էդ դպրոցը, էդ բարձր բեմը չդառնա թամաշի ու լոկ ժամանցի տեղ։ Էդ բեմից մեր պատրաստված ու խոսքի ընդունակ մարդիկ պետք է խոսեն մեր ժողովրդի, մեր երիտասարդության, մեր ինտելիգենցիայի հետ։ Խոսեն՝ ոչ թե ճառեր՝ նրանց զգացմունքները հուզելու համար, այլ խաղաղ, օբյեկտիվ, գիտական, քննադատական լուրջ վերլուծումներով ու խորասուզումներով տանեն դեպի ազգային պայծառ ինքնաճանաչությունը և ընդհանուր զարգացման ընդարձակ հորիզոններ բաց անեն։
Վերին աստիճանի ուրախալի երևույթ է, որ մեր մեջ մի գեղեցիկ հասարակություն արդեն հաստատ բռնել է էս ճանապարհը ու սերտ կապվել Հայ գրողների ընկերության գրական երեկոների հետ, ու ինչպես դասախոսություններին դահլիճն է լցնում, էնպես էլ գավառներից է կենդանի արձագանք տալիս։
Պետք է ծավալել ամեն տեղ, և շատ ժամանակ չի անցնիլ՝ մեր աչքով կտեսնենք ու կհամոզվենք, թե էսքան հեշտ միջոցներով էլ կարելի է հասնել ցանկալի հետևանքների։ Եվ արդեն մեր կենտրոնական ու գավառական քաղաքների գրական ու գրասեր շրջանները էս լուսավոր գործունեությամբ պայմանավորվում ու կապվում են իրար հետ։
Պետք է ծավալել ամեն տեղ։