Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/289

Այս էջը հաստատված է

Էս ամենն ամենամեծ չափով կատարված են ու էսօր էլ կատարվում են մեր լեզվի մեջ, մանկական լեզվից, բացականչություններից, հնչյունից ու շեշտից սկսած մինչև բառական ու ոճական փոխառությունները և մինչև համաձայնությունը։

Էս ազդեցությունների պատճառով իրարից տարբերվում են ոչ միայն մեր գավառաբարբառները, այլև մեր երկու գրական լեզուները։

Էնպես որ, Մկրտիչ Փորթուգալյանի բերած հաջող օրինակներով ասենք՝ եթե մի հայ ասում է գիր գրեցի, տարբեր տառադարձության պատճառով, գ-կ հնչելով, արտասանում է՝ կիր կրեցի, և մյուս հայը նրան սխալ է հասկանում, կարծում է կիր է կրել։

Եթե մեկն ասում է՝ կուզեմ քեզի դաս մը տալ, դ-թ է հնչում, և մյուսը կարծում է թե իրեն թաս է տալու։

Եթե ուզում է ասել․

Գայլ մը մոտեցավ ինձի,

Ասում է՝ Քայլ մը մոտեցավ ինձի․․․ և այլն։

Եվրոպական բարոնն էլ էսպիսով, Կիլիկյան շրջանից, Կիլիկիայից անցնելով, դարձել է պարոն ու պարոն էլ գործ ենք ածում մինչև էսօր։

Բառական ու ոճական փոխառություններին հո էլ թիվ ու համար չկա, հնից սկսած մինչև պարզ օտարաբանությունները կամ հասարակ սխալները։

Օրինակ․ հենց էսօր թե՛ խոսակցական լեզվի, թե՛ գրականության մեջ սովորական են էս տեսակ ակնհայտնի ռուսաբանություններ․

Ես ձեր կարծիքը բաժանում եմ։
Նրա մոտ ձայն չկա։
Երևակայեցեք ձեզ․
Հրացանից արձակեցին․
Գետի ետևում․․․
Եվ այլն, և այլն։