Լեզվական փոխառությունները երբեմն էնպես են կատարվում, որ լեզուն որդեգրում է բառը, տալիս է իրեն բառակազմությունը, իր հնչյունն ու շեշտը, հալում, ձուլում է իրեն մեջ։ Ինչպես, օրինակ, ռուսական самовар բառը, որ թե չինական կուլտուրայի պատմությունից, թե ճանապարհորդների վկայությունից հայտնի է, որ դա չինական մի անոթ է, կոչվում է սմովար։ Ռուսները վերցրել են, իրենց բառակազմությունը տվել, դուրս է եկել самовар, մենք էլ թարգմանել ենք ինքնաեռ։
Էդպես էլ մեր վառոդը, որ թուրք-թաթարական բարութի հետ միևնույնն է։ Մեր պնդուկը, որ թուրք-թաթարական ֆնտգն է։ Կամ թիլանալ բառը, որ գործ են ածում մանավանդ թիֆլիսեցիք և ասում են հատկապես իրենց-իրենց կոտրատվող երեխաներին կամ աղջիկներին, մենք հասկանում ենք թուլանալու մտքով և հաճախ հենց էնպես էլ ասում ենք՝ թուլանում է։ Մինչդեռ Հնդկա-ռուս բառարանում թիլլանալ՝ հնդկերեն կնշանակի կոկետություն, кокетство, жеманство։
Երբեմն էլ փոխ առած և բնաշխարհիկ բառերը ժողովըրդի լեզվի մեջ մնում են անջատ, ու որոշ, ճիշտ էնպես, ինչպես ձեթն ու ջուրը՝ ածած մի բաժակի մեջ։ Սրանից էլ առաջանում են է՛ն երկբարբառ բառերը, որոնցից մինը սովորաբար օտար, եկամուտ բառ է, մյուսը նրա թարգմանությունը։ Օրինակ․
Ասում ենք․
Շենք ու շնորհք։
Էս շենքը ոչ մի կապ չունի սովորական շենքի, շինության հետ, արևելյան լեզուների մեջ, օր․ հնդկերեն, ասորերեն, կնշանակի սիրուն, գեղեցկատես։ Եվ ահա ասում ենք՝ շենքով-շնորհքով մարդ է։
Կամ ասում ենք․
Սուրբ ծեք, որ սխալ ձև է, ճիշտը ժողովրդականն է՝ սուփ ծեք։