Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/294

Այս էջը հաստատված է

XI դարից սկսած էս տեսակ մի մեծ արշավանքի է ենթարկվել հայ ժողովուրդը թուրք-թաթարական-մոնղոլական ցեղերի կողմից։ Ժողովրդի հետ միասին հալածանքի ու ստրկության մատնվեց և իր լեզուն, և ահա 800 տարի է, գտնվում է հաղթողի տիրական ազդեցության տակ։

Եվ նրա հզոր ազդեցությունը երևում է ոչ միայն բառերի կազմության, հնչյունի, շեշտ ու ոճի վրա, այլև համաձայնության։ Եթե միայն հայոց գրաբար լեզվի համաձայնությունն օտար չի եղած, եթե հայկական է եղած երբևիցե, ապա նա մի անգամ ընդմիշտ փոխված է մեր ժողովրդական լեզվի մեջ։

Էսօրվա մեր ժողովրդական լեզվի համաձայնությունը գրաբարի համաձայնության միանգամայն հակառակն է և հաշտ ու համաձայն թուրք-թաթարական՝ մի խոսքով, արևելյան լեզուների համաձայնությանը։

Ռուս գրականագետ Վ. Մարկովը («Свирель Китая»), չինական լեզվի մասին խոսելով, գտնելով, որ նրա համաձայնությունն ավելի նպատակահարմար է, քան եվրոպական լեզուների համաձայնությունը, և նկատելով, որ նա գործողության հետևողականությունն է տալիս, հետևյալ օրինակն է բերում.

Ասում է՝ մինչդեռ մենք, եվրոպացիներս կասեինք.

Принеси книгу в красной обложке, которая лежит на столе, в моей комнате.

Չինացին ասում է.

Пойди в мою комнату, на столе, в красной обложке книга, возьми и принеси.

Էս նախադասությունները եթե առնենք ու բառացի թարգմանենք՝ ի՞նչ կտեսնենք։ Կտեսնենք, որ եվրոպականը հարազատ է միմիայն մեր գրաբարին, իսկ չինականը, արևելյանը՝ աշխարհաբարին։

Իսկ եթե առնենք մեր գրական լեզվի համաձայնությունը, կտեսնենք, որ նա խառն է, ոչ մեկինն է, ոչ մյուսինը, այլ կանգնած է մեջտեղը։