Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/296

Այս էջը հաստատված է

Արծրունուց 25—30 տարի հետո նմանօրինակ մի պատասխան էլ Ա․ Արասխանյանն է տալիս վենետիկցիներին, որոնք իրեն նկատում էին, թե հայերեն չգիտի։

Ասում է. «…Եթե «Մուրճի» խմբագրի լեզուն չեք հավանում, գոնե խմբագրի հատուկ լեզուն չի խանգարում, որ «Մուրճում» տպվեն նաև հիանալի լեզվով գրած հոդվածներ»… («Մուրճ», 1890 թ., էջ 624)։

Բայց ցավն էն էր, որ, առաջինը՝ նրանք հեշտ չէին կարող հիանալի լեզվով գրած հոդվածներ ունենալ վերև բերած պատճառներով։

Երկրորդը՝ հիանալի լեզվով գրած էին համարում հենց իրենց հոդվածները։

Եվ երրորդը՝ կոպիտ ու անընդունելի էին համարում ժողովրդական կենդանի լեզուն։

Հանգ․ Արասխանյանը մինչև անգամ մի առաջնորդողով առաջարկեց ընտանիքներում արգելել բարբառներով խոսելը։

Ժողովրդական առածը էստեղ է ասել՝ ճամփեն ո՜ւր, ճամփորդն ո՜ւր… Լեզուն ո՜ւր, գրականությունն ո՜ւր… Գրականությունը գաղութների ձեռքին, լեզուն մայր երկրում։

Մինչդեռ գաղութային լեզուն էսպես գործի մեջ էր ու զարգանում էր իր ճանապարհին, մայր երկրում, բնաշխարհիկ լեզուն, բուն ժողովրդի հետ միասին ալեկոծվում էր արյան ու արտասուքի ծովի մեջ, և եթե շատ կամ քիչ ազդում էր մեր գրական լեզվի վրա, ազդում էր իր միջից դուրս ուղարկած պանդուխտների բերանով, ժողովրդական երգերի միջոցով ու իր ծոցից ելած սակավաթիվ գրողների ձեռքով, էստեղ մի Աբովյանի, կամ մի Աղայանի ու Պռոշյանի, էնտեղ մի Խրիմյանի կամ Սրվանձտյանի։

Աբովյանը կամ Սրվանձտյանը՝ իրենց հետևորդներով, լեզվական տեսակետից, իմ երևակայության առջև պատկերանում են ճոխ պարտեզի մեջ, ուր փթթում ու ծաղկում