Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/299

Այս էջը հաստատված է

լինին․ ո՞վ և ե՞րբ է նրանց միացնելու, մի համաձայնության բերելու։

Ես կասեմ․ սխալվում են էդպես ասողները։ Հայոց ժողովրդական բարբառները արտաքուստ են տարբեր։ Գլխավոր տարբերությունը կը-ի և ում-ի մեծ ճյուղերի տարբերությունն է, որ հարթվում ու հարդարվում է փոխադարձ զիջումներով՝ մեծ մասով ում-ի ճյուղի օգտին[1]։

Ներքուստ, իրենց ոգով ու հիմքով սրանք մի ամբողջություն են, մի լեզու են կազմում, մի հայոց լեզու, թեև տեղ-տեղ ջախջախված, ինչպես ինքը հայոց ազգը, թեև երբեմն աղճատված, ինչպես հայի ազգային ոգին, բայց ընդհանրապես կենդանի ու կենսունակ, ինչպես հայոց ազգը, և, առասպելական ֆենիքսի նման, ընդունակ ավերակներից հասնելու, նորափետուր սավառնելու դեպի գեղարվեստի ամենաբարձր ոլորտները ու գիտության անհուն խորությունները։

Բայց, ասում են, գեղեցիկ ու հարուստ չի հայոց ժողովրդական լեզուն։

Այո՛, գեղեցիկ ու հարուստ չէր և ինքը՝ հայոց ազգային ոգու մարմնացումը, Սասունցի Դավիթը, քանի որ մի արհամարհված նախրապանի վիճակի մեջ էր և կոշտ լեռնականի պարզությամբ նախիր էր արածեցնում ու չգիտեր, թե ինչ ուժ կա թաքնված իրեն մեջ կամ ինչ ապագա՝ պահված իր առջև․ մինչև որ խորհրդավոր ժամը հասավ, ունեցավ իր ուժի գիտակցությունը, մտավ արդարությամբ իրեն վերապահված իրավունքի մեջ, հագավ հայրական զինավառությունը, հեծավ Քուռկիկ-Ջալալին, ձեռքն առավ Թուր Կեծակին ու․․․ միանգամից վերջացավ ամեն վեճ ու ամեն տարակուսանք։

Մինչև էս պապենական հոգևոր զենք ու զրահով՝ հայ ժողովրդի կենդանի խոսքով չզինավառվի հայ գրողը, միշտ

  1. Կարդացվեցին նշումներ թե՛ մեր բարբառներից և թե՛ թուրքահայ ու ռուսահայ գրողներից։ Ծան․ թերթի խմբագրություն։