«Դուք լավ գիտեք, թե պատմական ծանր հարվածների տակ ինչպես է ջարդվել ու ջախջախվել մեր հին ցեղը, ինչքան հեռու են ցրվել ու փռվել նրա բեկորները և աղավաղվել ու աղճատվել մեր ազգային հոգևոր ստեղծաղործությունները։
Վերջին ժամանակներս մեր մեջ առանձին թափով ուժ է առել վերստին ամբողջանալու, առողջանալու, ինքնուրույն կուլտուրայով մի ամբողջական ազգ դառնալու ձգտումը և առաջ է բերել մի համատարած հոսանք մեր կյանքի ամեն կողմերում և ամեն ասպարեզում։ Եվ ահա հեռուներից դեպի հայրենիք են ձգտում մեր բոլոր տարանջատ մասերը, հավաքում ենք մեր վաղեմի ստեղծագործությունների, մեր ջախջախված կուլտուրայի փշրանքները, իրար ենք բերում՝ նորից մեր ամբողջությունը գտնելու և հորինելու համար։
Էդպես և երաժշտությունը, որ բացառություն չէր կազմելու, բայց իբրև ամենաքնքուշն ու ամենից դժվարը, ամենից թանկը, ամենից ուշ էլ պիտի գա ու զարգանա։
Վերջին տասնամյակների գործն է, որ մեր երաժիշտները վերադառնում են դեպի հարազատ ժողովրդի երգն ու եղանակը և դեպի հայ բանաստեղծի երկերն ու երգերը։ Էս երևույթն արդեն դարձել է մի ընդհանուր հոսանք և էս ընդհանուր հոսանքի մեջ նշանակալից է և ձեր վերադարձը դեպի հայկական իրականությունն ու գրականությունը, որպես մի վկայված հռչակավոր երաժշտագետի վերադարձ, որ գալիս է դաշնավորելու հայ բանաստեղծի խոսքն ու հարազատ երաժշտությունը։
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորությունով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միմիայն էն կախարդական աշխարհքում,