Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/304

Այս էջը հաստատված է

փարատելու համար, ընդունիր աշխարհքի ամենատանջված ժողովուրդներից մեկի՝ հայ ժողվրդի գրական գերդաստանի սերն ու հիացումը։

Դո՛ւ, որ ազատ, լավագույն օրերի արշալույսը վառեցիր քո ցեղի հոգու մեջ, և արդեն նրա առաջին ցոլքերն ընկնում են թարմ շիրմիդ վրա, փառաբանում է քեզ միշտ արշալույսի ձգտող հայ ժողվրդի գրականությունը։

Դո՛ւ, որ ընդհանուր եղբայրության ազնիվ կապերով շաղկապեցիր ազգերն ու ազգի—ազգի մարդիկ ու եղբայրորեն համախմբեցիր դագաղիդ ու հիշատակիդ շուրջը, օրհնում են քեզ եղբայրության ու սիրո էնքան կարոտ հայ ժողովրդի զրողն ու ընթերցողը։

Եվ դու, որ համաշխարհային գեղեցիկ գրականության հավերժական տաճարում ճշմարտության, բարության ու գեղեցկության մեծ քուրմերից մինը եղար, քո վսեմ հաղթանակի համար դափնի պսակ ենք ձոնում քո հիշատակին աշխարհքի հնագույն գրականություններից մեկի՝ հայ գրականության անունից։


<ԽՈՍՔ ՍԿՍՆԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ>

Երիտասարդ ընկերնե՛ր։

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել։ 1857 թվականին ուսանող Ռ. Պատկանյանը՝ Գամառ Քաթիպան, հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության։

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վահան Տերյանը հրատարակեց իր