«Մթնշաղի անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։
Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը։ Մտերիմ ընկերներ եմ ունեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ։ Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչև նորագույնները: Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև, ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք Հայոց Գրական աշխարհքում։
Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների, հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը։ Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է։
Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել։
Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջագրով ու նոր վերաբերմունքով։ Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել։ Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել։ Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային։ Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար։