Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/31

Այս էջը հաստատված է

Նրա սխալներն ու թուլությունները նկատելով ու անցնելով, տեսնենք թե, վերջիվերջո, ընչի հանգավ, ի՞նչ գտավ։

Վրդովմունքն ու աղմուկն էստեղ գործ չունեն և անկարող են ու վտանգավոր, այլև տարօրինակ, երբ ուղղված են Գրողների ընկերության դեմ, որը մի նպատակ ունի՝ պաշտպանել ու զարգացնել գրականությունը։ Իսկ գրականությունը զարգացնելու ուժեղ միջոցներից մինը անողոք ու անաչառ քննադատությունն է, որին, ժամանակի ընթացքում, Գրական ընկերության նախաձեռնությամբ, կենթարկվի մեր ամբողջ գրականությունը։

Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ նորություն են մեր կյանքում եվրոպական գրական ճաշակ ու զարգացում ունեցող մարդիկ, որոնք և մեր գրականությունը գալիս են քննադատելու նոր, մեր գրական աշխարհքին անծանոթ ձևով ու թափով, և սրանց դեմ վրդովմունքով չպիտի դուրս գալ, որ անտեղի, անպետք ու անզոր միջոց է, այլ հիմնավոր խոսքով։


ԵՐԿՈՒ ՄԵԾ ԹԻՖԼԻՍԵՑԻՆԵՐ

Թիֆլիսը։ Բայց հին Թիֆլիսը։

Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր, որի մեջ եկել միացել էին կովկասյան ժովովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք։ Եվ որովհետև էդ կյանքին տոն տվողը վրացական զվարթ ոգին էր, էդ պատճառով էլ հին Թիֆլիսը իրարու խորթ տարրերի էտնոգրաֆիական մի ժողովածու չէր հանդիսանում, այլ մի ուրախ հարսանքատուն, ուր հրավիրված էին Կովկասի բոլոր ազգերն ու ցեղերը՝ քեֆ քաշելու։

Եվ, հիրավի, 1883 թվին, երբ ես առաջին անգամ Թիֆլիս եկա ուսումնարանն մտնելու, ինձ թվաց, թե ընկա մի