Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/312

Այս էջը հաստատված է

Թարգմանության առաջին տողը խոսում է իրանի և ուսերի մասին, մինչդեռ բանաստեղծը ասում է բոյեմեդ, այսինքն իրանից չորս մատն ավելի լցվել է կուրծքդ ու թիկունքդ։ Ինձ էնպես է թվում, թե կուրծքից խուսափել են՝ բոյը էստեղ սովորական մտքով, հասակի, բարձրության մտքով հասկանալով։ Բոյը էստեղ իրան կնշանակի։ Իսկ երկրորդ տողի մեջ մազերի ոսկու մասին չի խոսքը, ոչ էլ արևի կամ ցերեկի շողի մասին, այլ ոսկեթելով հյուսած մազերի և շաղի, և ամենայն հավանականությամբ գիշերվա շաղի, էն շաղի, որի մասին Երգ Երգոցի մեջ աղջիկն իր սիրածին կանչում է․ «Բաց ինձ․․․ զի գլուխ իմ լցավ ցողով․ և վարսք իմ ի շաղից գիշերո»։

Եվ ո՞վ գիտի, գուցե հենց էստեղից է ազդված նույնիսկ Սայաթ-Նովեն։ Ըստ երևույթին մեր հները ս․ Գրքից շատ են ազդված։ Հենց առաջ բերած հատվածից մի երկու տող վերև Երգ Երգոցի մեջ ասում է․ «Ես ննջեմ և սիրտ իմ արթուն կա»։ Էս միևնույն ձևը դուք կգտնեք Սայաթ-Նովայի և թե Քուչակի մեջ։

Շամամ բառի բացատրությունն էլ էս բանաստեղծության տակ էսպես է տված, որ շատ գռեհիկ պիտի երևա ռուս ընթերցողին։ Ասում է род дыни։ Ճշմարիտ է, բուսաբանորեն էսպես է, շամամը род дыни է, բայց սա էնպես է ճշմարիտ, ինչպես եթե ասեինք գեղեցկուհի և բացատրեինք род бабы։ Արևելյան բանաստեղծության մեջ շամամի կորուստը կամ սխալ բացատրությունը շատ ու շատ բան է փչացնում։ Էսպես մի քանի բառեր կան․ օրինակ դրանցից մինն է և ղանդ, որ միշտ գործ են ածում արևելքի բանաստեղծները, ասում են պըռոշըդ ղանդ։ Ղանդ մեզանում հասկանում են շաքարի գլուխ կամ վերջապես շաքար, այնինչ ղանդ կնշանակի և պաղ շաքար, леденецЛеденец-ը և քնքուշ է, և բարակ, և քաղցր, և գույն ունի, կարելի է շրթունքի նմանեցնել։ Սրա տեղը դրեք շաքարի գլուխ և տեսեք ինչ է դուրս գալի․․․