Ամեն անգամ մի որևէ առիթով մեզանում պարբերաբար կրկնվում է՝ թե մենք չենք ճանաչում մեզ և թե մենք չենք պաշտպանում մեր գրականությունը։
Ինձ էնպես է թվում, թե էս տկար ու ձանձրալի գանգատը վերջանալու է մոտիկ ապագայում, և արդեն պարզ երևում են նշանները։ Երևում է վերջի սկիզբը։ Էդ ցանկալի վերջի սկիզբը ես համարում եմ էն բոլոր գրասերների ընկերությունները, որ իրար հետևից բացվում են գրեթե մեր բոլոր քաղաքներում ու նույնիսկ գյուղաքաղաքներում, լայնածավալ փռվում են ամենուրեք և իրենց դասախոսություններով,— կենդանի խոսքով կենդանի ժողովրդի հետ միասին, մեր կյանքն ու գրականությունը շրջապատում են զանազան կողմերից։ Սա նման է զորագնդերի էն ընդհանուր ու հախուռն գրոհին, որ նպատակ ունի կատարելու առաջին գործը՝ բերդը վերցնել։ Նրանից հետո ասպարեզ կբացվի ամեն մեկի խաղաղ մասնագիտական աշխատանքի համար։ Առայժմ ամենքս մի գործի վրա ենք՝ հիմնարկել, հաստատուն դարձնել էս լուսավոր ամբիոնները և ուղիղ ընթացք տալ նրանց՝ ճանաչելու մեզ, մեր շրջապատն ու հեռուն...
Ազգերի կյանքում, մանավանդ նրանց վերածնունդի օրերում, էն տեսակ հիմնարկություններն են մեծ դեր կատարում, որոնց մասին առաջուց չէին էլ մտածել։ Մեր ամեն տեղի գրասերների ընկերությունները շատ հեշտ կարող են էդ միևնույն դերը կատարել մեր կյանքում։
Ընդհանուր խորհրդածություններից ու նրանց ընդհանուր կուլտուրական նշանակությունից, օրինակի համար, գանք մասնավոր, կոնկրետ խնդիրներին։ Ահա մեջտեղն է դրված մեր նոր գրականության հիմնադրի՝ Խաչատուր Աբովյանի արձանի խնդիրը։ Գործը գլուխ չի գալիս ու անպատիվ ձևով քաշքշվում է հրապարակում։
Ինչո՞ւ։ Ծա՞նր է։