Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/32

Այս էջը հաստատված է

հսկայական հարսանքատուն։ Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ… էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին։ Մանավանդ իրիկնապահերին։ Կիրակի ու տոն օրերը հո գլուխ բեր, որ դիմանա։ Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը։

Տեսնողը զարմանում էր, թե՝ էս մարդիկը ե՞րբ են աշխատում, որ էսպես շարունակ ուրախանում են ու պար գալի։ Էսպես էր ապրում հին Թիֆլիսը՝ գժի նման։ Եվ դեռ ես հին Թիֆլիսի վերջին օրերին վրահասա։ Ասում են՝ ութսունական թվականներից սկսած Թիֆլիսն սկսեց փոխվել-փչանալ, ուրիշ խոսքով ասում էին՝ վելիկի կնյազից (մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչից) ետը մեր քաղաքը խարաբ էլավ։

Մեր Րաֆֆին մի բանաստեղծության մեջ շատ հաջող արտահայտել է թիֆլիսեցու էս վիշտը։

«Վա՛տ ադաթներ ներս բերավ
Միր քաղկումը Եվրոպեն,
Քեփն ու սափեն դիփ կորավ,
Փըչացավ էսղանցոբեն…»։


Եվ ճիշտ որ փչացավ։ Մի կյանքից եթե զվարթությունը՝ քեփն ու սափեն հանես, էլ տեղն ի՞նչ մնաց։ Մնաց հոգսն ու ջափեն։ Եվ գնա տարին տասներկու ամիս հոգս ու ջափի տակին տնքա՝ թե ապրում եմ։ Եվ ամեն օր հաշիվ արա, թե սա իրեն ջուրը գցեց, նա կախվեց, մյուսը կարբոլկա խմեց, չորրորդը, ինչպես մեր լրագիրներն են ասում, ատրճանակից իրեն զարկեց, և․․․ ետևից էլ զանազան դատողություններ, որոնք, սակայն, ինչքան էլ խելոք լինեն, կյանքին ոչ մի ժպիտ չեն տալիս։

Դրա հետ միասին նկատեցեք, որ կորչում է ժողովուրդների անհատականությունը, առանձին ոգին, սեփական գույնն ու երանգը, էն ամենը, որ էնքան բնական են, ինչքան