Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/326

Այս էջը հաստատված է

Իսկ ես, ճշմարիտն ասեմ, վախենում էի դրանից։ Ամեն անգամ ինձ թվում էր, թե իր հայրենիքի հողն է կանչում, գա թե չէ՝ կմեռնի...

Բժիշկը եկավ։ Քննեց։ Վերևից ներքև մարմինը քորոցով ծակծկեց։ Արդեն կորցրել էր զգայունությունը։ Ապա թե աչքերը բաց արավ բժիշկը, վառած մոմը դիմացը բռնեց, մատով բիբերը շոշափեց, չէին շարժվում։ Էլ հույս չկար։ Մարում էին։ Մի թույլ ու խոր թախիծ կար նրանց մեջ սառած մնացած...

Մի երկու ժամից հետո երբ նորից վերադարձա, կես ժամ առաջ մեռել էր:

Եվ տաք դիակի առջև կանգնած էն էի մտածում, թե չտեսավ… Այժմ էլ, երբ ցավելով խոսում են նրա տառապալից կյանքի մասին, նրա գրական գործի մասին, նրա գործերի հրատարակության և այլ ավելի մեծ խնդիրների մասին, մի տարօրինակ համառությունով իմ սիրտն էլ էն փոքրիկ ցավն է բռնել, նրա վերջին կարոտը, որ, մեռնելով ձգտեց, ու չկարողացավ հասնի, տեսնի ոչ իր բազմատանջ ու շատ սիրած մոր գերեզմանը, էն մոր, որ աղքատության մեջ, անվառարան, ցուրտ խրճիթում ծոցն էր առնում ու տաքացնում իր փոքրիկ Ալեքսանդրին, և ոչ էլ էն հին թթենին, որ ցուրտ ու բուք գիշերները իր պառաված ճյուղերով մթնում անդադար ծեծում էր նրանց աղքատիկ խրճիթի պատերն ու կտուրը, և որի վրա ամռան արևոտ օրերին էնքան թութն է քաղել ու խաղացել, զվարճացել մանկուց որբացած ու ամեն զվարճություններից, ամեն հաճույքներից զրկված Ալեքսանդրը…


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
Թիֆլիս, 20 ապրիլի

Այս օրերս բացվելու է Թիֆլիսում Հայկազյան անունով մի ընկերություն, որի նպատակն է պաշտպանել հայ