Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/328

Այս էջը հաստատված է

ճանաչողներից մինը, ես, որ միշտ կարծիք եմ հայտնել ու շատ թե քիչ գործել նրա համար․․․

Նրանից հետո Վասպուրականի, Արածանու հովտի և այլ տեղերի գաղթականության հեղեղն եկավ ծովացավ Այրարատյան դաշտում։

Ես էլ նրան դիմավորողներից մինը եղա։ Պտտվեցի նրանց մեջ Էջմիածնում, խոսեցի Թիֆլիսի ժողովներում, ու վերջը՝ դարձյալ մի տխուր գիտակցություն համակեց ամբողջ էությունս ու մի խորին վիշտ, թե մենք ի՜նչքան ենք տկար մեզ վրա եկած աղետի հանդեպ․ տկար ֆիզիկապես, նյութականապես ու բարոյապես…

Հապա նրա՝ Հայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը…

Ի՜նչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը…

Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա։ Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը։

Հայաստանը պետք է խոսի վերջապես։

Բավական էր։

Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդները մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար։


ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրվում է Հայկազյան ընկերությունը։

— Ինչի՞ համար է հիմնադրվում։

Ահա թե ինչի համար։

Ազգ ենք և մինչև էսօր չունենք մեր ազգային պատմությունը։ Մեր ազգային պատմության նյութերը ցրված են վանքերում թափված ձեռագիրներից ու մեր շուրջը փռված