Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/329

Այս էջը հաստատված է

հիշատակարաններից սկսած մինչև հեռավոր երկիրների արխիվներն ու թանգարանները։

Էս բոլոր նյութերը պետք է հավաքել գիտնականների, պատմագետների ձեռքով, ուսումնասիրություններ կատարել, մենագրություններ գրել (մոնոգրաֆիա) և հետղհետե պատրաստել մեր ազգի գիտական ճշմարիտ պատմությունը։

Սա մի դժար ու մեծ գործ է, վեր ամեն անհատական և, նույնիսկ, մասնավոր ընկերության ուժերից։

Եվ էս գործը կատարելու համար է հիմնադրվում Հայկազյան ընկերությունը՝ հենված համայն հայության բարոյական ու նյութական ուժերի վրա։

Գրականություն ունենք, բայց դեռ մի ընդհանուր գրական լեզու չունենք։ Եղածն էլ՝ աղքատ ու աղճատ և անկազմակերպ։ Պետք է հավաքել հայոց բարբառների, բովանդակ հայության լեզվական գանձերը, բառերն ու ոճերը, ամբարել, ուսումնասիրել ու օգտագործել, կազմել հայոց կենդանի լեզվի բառարանը, ստեղծել հայոց ազգային գրական լեզուն։

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան ընկերությունը։

Գիտություն չկա մեր մեջ։ Ե՛վ դպրոց, և՛ գրականություն, և հրապարակախոսություն, և՛ հասարակական ու ազգային գործեր մեծ մասամբ հիմնված են տգիտության վրա։ Կենտ ու հատիկ հայ գիտնականներն էլ փախչում են մեր մթնոլորտից, զբաղվում են ուրիշ գործերով կամ հեռանում, օտարանում են ու օտար լեզվով են զբաղվում գիտությամբ։ Եթե մի Նորայր, Բյուզանդ էլ, թեև դարձյալ օտարության մեջ, գիտությունով պարապում է հայերեն, էն էլ վերջը անիծում է իր վիճակն ու կտակ է անում, որ իր աշխատանքը կրակի մատնեն։

Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերեն լեզվով և հայ գիտնականների կաճառ, գիտության օջախ, Հայկական Ակադեմիա։