Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/331

Այս էջը հաստատված է

Հայկազյան ընկերությունը հիմնադրվում է էնպես, որ ամենքս միասին, միասնական ուժերով կարողանանք պաշտպանել ու առաջ տանել էս ընդհանուր մեծ գործը՝ մասնակցելով ու տալով մեր ունեցածից, շատից-շատ, քչից-քիչ։ Ունևորը միանվագ վճարում է հինգ հազար ռուբլի և դառնում է մշտական իսկական անդամ, իսկ նախանձախնդիր անդամները տալիս են տարեկան տասը ռուբլի։ Իհարկե, նախանձախնդիրն էլ միանվագ կարող է վճարել մի քանի հարյուր ռուբլի, փոխանակ ամեն տարի 10 ռուբլի վճարելու։ Եվ մեր ունևորներն ինչքան էլ առատ մոտենան գործին, այսուամենայնիվ, տասը ռուբլանոց անդամները ահագին ազդեցություն են անելու գործի վրա, հարկավ, եթե ամեն տեղ էլ զգան գործի մեծությունը, ամենքն էլ արձագանք տան, ու տարեկան տասը ռուբլուց ձեռք քաշելով, մտածեն էս տեսակ մի մեծ ազգային գործ ստեղծելու, ինչի համար որ հիմնվում է Ընկերությունը։

Եվ նա հիմնվում է ընդհանուր հայության ազգային դրոշմով՝ Հայկազյան անունով։

Իսկ եթե հիմնվում է էս տեսակ ծանր օրերին, դա միայն պատիվ է բերում մեզ։ Եթե իտալացին կարող է պատերազմի դաշտում՝ խրամատում, համալսարան բաց անի և զբաղվի գիտությունով ու գեղարվեստով, մենք ինչու՞ չենք կարող խրամատներից էսքան հեռու զբաղվել նույն գիտությունով ու գեղարվեստով։

Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ինչ բարձր բան կատարել է, միշտ կատարել է՝ չնայելով նեղ ու դառն ժամանակին…

Եվ սրա մեջն է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի մեծ դրաման։

Ինչ որ մենք կլինենք՝ մեր Համալսարանն էլ մեզ հետ։