Էս ուղղությամբ մինչև օրս միայն երկու անհատական փորձ է եղած, էս փորձերից մինը հ․ Սահակ վ․ Ամատունու «Բառ ու Բանն» է, որ տպվել է Էջմիածին 1912 թվականին, մյուսը պ․ Հր․ Աճառյանի «Գավառական բառարանն» է, որ տպվել է 1913 թվականին Թիֆլիս, և կազմում է Էմինյան Ժողովածուի IX գիրքը։
Պարոն Աճառյանի էս աշխատության մասին է, որ ուզում եմ խոսել իբրև լոկ սիրող։
Ինձ թվում է, թե պարոն Աճառյանը մի քանի բարբառ շփոթում է իրար հետ։ Օրինակ, Երևանի բարբառի մեջ է դնում Շուլավերի բարբառը, մինչդեռ Շուլավերը Ղարաբաղի կողմից դուրս եկած մի գաղութ է և մինչև օրս էլ պահում է իր բարբառը։ Այնինչ Ղարաբաղի բարբառի մեջ նշանակում է Դիլիջանը, Լոռին ու Ղարաքիլիսեն, որոնք Այրարատի մեջ են մտնում, նրա բարբառի ճյուղերն են։ (Հառաջաբան, էջ 1)։
Պարոն Աճառյանը, ինչպես երևում է, օգտվել է և մեր գեղեցիկ գրականությունից։ Հեղինակի մայրենի բարբառի մեջ է դրել նրա գործածած բառը։ Օրինակ, վուշ-վուշը, որ ես գործ եմ ածել իմ «Անուշ» պոեմի մեջ, պարոն Աճառյանը բերել է իբրև բնաձայն բառ և նշանակել է Լոռու բարբառ։ «Վուշ–վուշ» Լ․ գետին խոխոջալու ձայնը։ Գետը՝ վուշ-վուշ վշվշում է։
Էս ճանապարհը շատ հեշտ կարող է մոլորությունների մեջ ձգել։ Հենց մեկը ես։ Ոմանք կարծում են, թե եթե երբեմն Լոռուցն եմ առնում գրվածքիս նյութը կամ էս-էն ձևն եմ գործ ածում, ուրեմն Լոռու բարբառով եմ գրում։ Չարաչար սխալվում են։ Ինչպես նյութի, էնպես էլ լեզվի վերաբերությամբ ես ինձ միանգամայն ազատ եմ համարում և օգտվում եմ ամեն տեղից։ Լոռի վուշ-վուշը գետի խոխոջալու ձայնը չի, այլ ափսոսանքի բացականչություն։ Իմաստի և ձայնանմանության կրկին պատճառներով է, որ ես գործ եմ ածել իմ պոեմի մեջ։ Ինչպես մի ուրիշ տեղ էլ՝ «Լոռեցի Սաքոն» պոեմի մեջ, գործ եմ ածել՝ վա՜շ-վիշշ