Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/339

Այս էջը հաստատված է

բացականչությունները միասին, որ նույն իմաստն ունեն, ինչ վուշ-վուշը։

Գետի խոխոջալու ձայնին լոռեցիք ասում են՝ վըշվըշալ։

Բառերի ու ոճերի պակասի մասին խոսք էլ չեմ անելու, առաջինը, որովհետև անկարելի բան է անհատական ջանքերով այժմ շատ թե քիչ լրիվ գավառական բառարան կազմել, երկրորդը, ինքը՝ պարոն Աճառյանը, հայտարարեց «Արարատում», թե գիրքը տպվել է առանց իր գիտության և մի քանի հազար բառ ու ոճ մնացել են անտիպ իրեն մոտ։

Պակասում են նաև եղած բառերից ու ոճերից շատերի այլևայլ նշանակությունները։ Սակայն սրա մասին էլ չեմ խոսելու։ Սրանք էլ պակաս են, ոչ թե սխալ։

Չնայելով էս և սրանց նման նկատողություններին, պարոն Աճառյանի գործը մնում է շատ կարևոր մի գործ և նրա կարևորությունն ու լրջությունը շեշտելով ու ցանկանալով, որ օր առաջ հնարավորություն ունենար մեր հարգելի լեզվագետը հայոց բարբառները հավաքելու և ուսումնասիրելու գործին նվիրվելու, անցնում եմ իմ դիտողություններին՝ միշտ էն գիտակցությամբ, որ եթե լեզվի խնդրում Աճառյանը կարող է սխալի մեջ ընկնել, անկարելի բան է, որ ես ազատ լինեմ սխալներից։

Սկսենք Երևանի բարբառից։

Աճառ. ձավարի նման բույս մըն է, որմե քաշովի (փիլավ) կը պատրաստեն։ 2, Տփ. հատիկ։

Առաջին՝ աճարը ր-ով է, ոչ թե ռ-ով։ Երկրորդ՝ ձավարը բույս չի, որ աճարն էլ նրա նման բույս լինի։ Աճարը հաճարն է, որ աղում են կամ ծեծում ու ձավար շինում։ Եվ երրորդ՝ Տփխիս աճարին հատիկ չեն ասում։

Ամանել. մեկ ամանե մը ուրիշ ամանի մեջ լեցնել։ Քաղցուն կարասների մեջ ամանեցինք։

Մի ամանից մի ուրիշ ամանի մեջ լցնել դեռ չի նշանակի ամանել։ Ամանել կնշանակի կամ անաման էր և ամանեցին, ամանի մեջ լցրին, տեղավորեցին, և կամ ժամանակավոր