Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/357

Այս էջը հաստատված է

Եվ ահա, նույնիսկ, այս պահին, երբ ամեն կողմից մեր երկրի վրա են գալիս զինված ուժերը, արևելքից՝ Անգլիան, արևմուտքից՝ Գերմանիան, հյուսիսից՝ բոլշևիկները, հարավից՝ թուրքերը և նրանց առաջապահ շահսևանները, քյուրդերը, չետնիկները և ագռավների ամեն տեսակ երամները, մեր «ազատ» և «հանրապետական» խաղաղ ժողովուրդները՝ հայերը և թաթարները, վեր են կացել, որպեսզի կողոպտեն և ոչնչացնեն միմյանց։

Այն ժամանակ, երբ մի կողմից մութ ուժերը տենդային եռանդով աշխատում են ավելի ու ավելի պառակտում մտցնել այդ ժողովուրդների մեջ, մյուս կողմից տեսնում ես, թե որքան քիչ են մարդիկ, որ վրդովվեին այդ հրեշային, կործանարար և խայտառակ երևույթից և պայքարեին նրա դեմ։

Մի րոպե մտածում ես, իսկ ո՞ւր են այն անթիվ մարդիկ, որոնք դեռ երեկ խոսում էին հանուն ժողովրդի։

Ուզում ես ճչալ․ ո՞ւր եք դուք, ժողովրդի բարեկամներ, սոցիալիստներ և ոչ սոցիալիստներ ամեն տեսակի և կուսակցության, մի՞թե չեք տեսնում այս հրդեհը, որ լափում է ժողովրդին, մի՞թե չգիտեք, որ ժողովրդին ամենից առաջ պետք է իր կյանքը, չգիտե՞ք, որ նրան կրակից փրկելը առավել բարձր և ազնիվ գործ է, քան հեղափոխությունն ու հանրապետությունը։

Եկեք ուրեմն միասին հանգցնենք հետզհետե ծավալվող հրդեհը։

Հրձիգներին համարենք Կովկասի բոլոր ժողովուրդների և ամենից առաջ ազատության թշնամիներ և սերտ միաբան կռվի ելնենք նրանց դեմ։

Կատարենք մարդասիրության և ինքնապաշտպանության սրբազան գործը։

Երևակայեցեք, որ մեր մերձավորները, մեր կանայք և երեխաները վառվում են կրակի մեջ, և չդանդաղենք։ Հիշենք, որ եթե չշտապենք, այն ժամանակ և՛ մեր մերձավորները, և՛ մենք կզոհվենք այդ հրեշավոր հրդեհին և այն

23-145